Պարոն նախարար, ազնիվ չեք. ձեր մամուլի քարտուղարը հերքում էր տեղեկությունը, Դուք այսօր հաստատում ենք այն


15:29 , 14 փետրվար, 2020

Պարոն նախարար, ազնիվ չեք:

Այսօր նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է մեր երեկվա հրապարակմանը, ըստ որի՝ նա դատվածություն է ունեցել և թաքցրել է այդ փաստը։ Պարոն նախարարն այսօր հաստատեց, որ տեղեկությունը լիովին համապատասխանում է իրականությանը, սակայն ընդգծեց, որ ինքը երբևէ որևէ մեկին չի դանակահարել։ Մեր նյութում հստակ գրել ենք հոդվածը, որով նա դատապարտվել է 2 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն 1 տարի «Նուբարաշենում» անցկացնելուց հետո համաներմամբ ազատ է արձակվել։ Դա «պետի նկատմամբ բռնություն գործադրելն է զենքի միջոցով»։

Պետք է տեղեկացնեմ, որ նախքան պարոն Պապիկյանի խոստովանությունը ես անձամբ գրել եմ նրա մամուլի քարտուղարին՝ հարցնելով, թե ինչո՞ւ է գաղտնի պահվում այդ փաստը, և, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ստացել եմ հերքում՝ «տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»։ Այսինքն՝ նախարարն այսօր հաստատում է տեղեկությունը, իսկ մեկ օր առաջ դա հերքում՝ հավանաբար հույս ունենալով, որ նյութը չի հրապարակվի։ Ասեմ ավելին՝ խոսնակին խնդրել եմ անձամբ նախարարից ճշտել, նոր պատասխանել, կրկին հերքել են՝ ասելով, որ պետք է նախարարին գրավոր հարցում ուղարկել։ Այսօր նախարարը հայտարարում է, որ իրեն ուզում են զրպարտել, իր վրա ցեխ շպրտել։ Բա սա ազնի՞վ է։

Ինչ վերաբերում է տեղեկությունը թաքցնելու փաստին, ո՛չ Վիքիպեդիայում, ոչ էլ նախարարության պաշտոնական կայքում որևէ բան չկա նրա կյանքի այս էջի վերաբերյալ, նախարարն ինքն էլ է նշում, որ դա իր անձնական կյանքի գաղտնիքն է (թեպետ նա բարձրաստիճան պաշտոնատար անձ է, և այս պնդումն ուղղակի ծիծաղելի է), ապա ասում է, որ երբևէ դա գաղտնի չի պահել, և շատերը իմացել են։ Կարծում եմ՝ հակասությունն ակնհայտ է։

Եվ վերջում՝ իրավապահներին դիմելու մասին․ թող որևէ մեկը փորձի ինձ ստիպել ինֆորմացիայի աղբյուրը բացահայտել, թող փորձեն, ուղղակի թող փորձեն։