Ռուսաստանը թուրք ազգայնական գործչին հորդորել է խուսափել սադրիչ հայտարարություններ անելուց


14:47 , 14 փետրվար, 2020

Ermenihaber.am-ը գրում է․

Ռուսաստանն անթույլատրելի է համարում Թուրքիայի «Ազգայնական կուսակցության» ղեկավար Դևլեթ Բահչելիի սադրիչ հայտարարությունները մի քանի օր առաջ Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ։

Բահչելին կոշտ հայտարարությամբ մեղադրել էր Ռուսաստանին թուրք զինվորների մահվան մեջ, որոնք առանց ռուսական կողմին տեղյակ պահելու առաջ էին շարժվել, ինչի հետևանքով էլ ընկել էին Սիրիայի կառավարական ուժերի հրետակոծության տակ։

«Մենք ապշած ենք Դևլեթ Բահչելիի հայտարարություններից։ Նա փորձել է Ռուսաստանի և Սիրիայի կառավարության  վրա բարդել թուրք  զինվորների մահը։ Կոչ է արել Թուրքիայի իշխանություններին վերանայել ռուս-թուրքական հարաբերությունները։

Այն դեպքում, երբ Սիրիայի հյուսիս-արևմտյան մասում դեռ տիրում է լարվածությունը, հորդորում ենք դրսևորել զսպվածություն ու առավել ևս խուսափել սադրիչ մեկնաբանություններ անելուց, որոնք ոչ մի կերպ չեն նպաստի կառուցողական երկխոսությանը», ասվել է Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։

Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ անընդունելի և անթույլատրելի է Իդլիբում տեղի ունեցածի վերաբերյալ շահարկումներ անելը: