Աշխարհի ամենահայտնի կինոստուդիայի՝ Columbia Pictures-ի լոգոտիպի հերոսուհու պատմությունը. ինչպե՞ս հենց նրան ընտրեցին


22:45 , 13 փետրվար, 2020

Հոլիվուդի հնագույն ստուդիաներից մեկը՝ Columbia Pictures-ը, հիմնադրվել է 1918 թ. Հերի և Ջեք Քոն եղբայրների ու նրանց լավ ընկերոջ՝ Ջո Բրենդթի կողմից։ Ստեղծումից հետո առաջին տարիներին ստուդիան փոքր բյուջեով կինոնկարներ էր արտադրում, այդ իսկ պատճառով 1924 թ., նպատակ ունենալով լավացնել իր իմիջը, ընկերությունը իր սկզբնական անվանումը՝ “CBC Film Sales Corporation”-ը փոխարինեց նորով՝ Columbia Pictures Corporation: Իսկ լոգոտիպը, որի վրա պատկերված է կին, սկսեց խորհրդանշել Կոլումբիա անունով կնոջ կերպարն ու Միացյալ Նահանգները։

Սակայն ընկերության առաջին լոգոտիպը մի փոքր տարբերվում էր նրանից, որն այսօր հայտնի է ողջ աշխարհին։ Ի սկզբանե վառվող ջահի փոխարեն աղջիկա ձեքռին կար ձիթենու ճյուղ և վահան. այդպիսով հռոմեական զինվորի կերպար էր ստեղծվում։ 1928 թ. լոգոտիպը փոփոխությունների ենթարկվեց. ձիթենու ճյուղի փոխարեն աղջկա ձեռքում հայտնվեց ջահ, իսկ վահանն անհետացավ։

Ներկայիս լոգոտիպը հաստատվել է 1992 թ. և սկսել օգտագործվել ընկերության կողմից մեկ տարի անց, երբ ղեկավարությունը վարձեց Մայքլ Ջ. Դիասին։ Նկարիչը պետք է նկարը թվայնացներ՝ միաժամանակ պահպանելով խորհրդանշանի պատմական հիմքը։ Լոգոտիպի համար որպես բնորդուհի Մայքլ Դիասը հրավիրեց գրաֆիկ խմբագիր Ջենի Ջոզեֆին, քանի որ կարծում էր, որ նա կատարյալ Կոլումբիա կդառնա։

Արդյունքում Ջենի Ջոզեֆը համաձայնեց, սակայն ժամանակի սղության պատճառով նա ստիպված էր նկարվել ընդմիջման ժամանակ։ Հենց ստացված լուսանկարներն էլ Մայքլ Դիասն օգտագործեց իր աշխատանքում։ Անցել է ավելի քան 25 տարի, իսկ Ջենի Ջոզեֆը շարունակում է հայտնվել աշխարհի միլիոնավոր էկրաններին։ Հատկանշական է այն, որ այս ֆոտոսեսիայից հետո նա այլևս երբեք որպես մոդել հանդես չի եկել։