Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունը սխալ է թոքաբորբ անվանել. ԱՀԿ


18:15 , 13 փետրվար, 2020

Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունն առայժմ հաստատված սահմանում չունի. այն սխալ է թոքաբորբ անվանել, սակայն շնչուղիների սուր հիվանդությունների թվին նույնպես չի դասված: Դրա շուրջ քննարկումները շարունակվում են, փետրվարի 13-ին ՏԱՍՍ-ին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը:

Պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք նոր հիվանդությունը թոքաբորբ կամ շնչուղիների սուր հիվանդություն անվանել, նա ասել է. «Դա թոքաբորբ չէ: Նոր հիվանդությունը տակավին քննարկվում է»: Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է «2019 թվականի կորոնավիրուսային հիվանդությանը»:

Փետրվարի 12-ին ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ հիվանդությունների դասակարգման մեջ նոր հիվանդությունը կգրանցվի որպես COVID-19. Այդ հապավումը չորս բաղադրիչներից է. CO – corona, VI – virus, D – disease, իսկ 19-ը նշում է 2019 թվականը, երբ հայտնաբերվել է նոր վիրուսը: