«Թող փտի բանտում». ո՞ր սպորտաձևի համար էին ԽՍՀՄ-ում մարդկանց բանտարկում ու խստագույնս պատժում, որ այլևս դրանով չզբաղվեն


15:30 , 13 փետրվար, 2020

ԽՍՀՄ-ում սպորտով զբաղվելն ու առողջ լինելն, իհարկե, խրախուսվում էր, սակայն կային սպորտաձևեր, որոնցով զբաղվելն ուղղակի համարվում էր պետական դավաճանություն ու կարող էր անգամ պատժվել բանտարկությամբ։ Ո՞ր սպորտաձևի համար էին մարդկանց դատապարտում բանտարկության։ 

20-րդ դարի կեսերից սկսած ԽՍՀՄ-ում սկսեց արագորեն տարածվել կարատեն, ու սա ամբողջովին ճապոնական մշակույթի տարածման արդյունք էր։ Մարդկանց ձգում էր սպորտային այս նոր մշակույթը, ու շատերը ցանկացան գնալ հենց կարատեի մարզումների ու փորձել հասնել դրանում հաջողությունների։ 

Ամեն բան լավ էր ընթանում, և 1971թ.-ին բացվեց անգամ կարատեի ֆեդերացիա, որը դիմորդների պակաս չուներ. տղամարդիկ ուղղակի սիրահարված էին այս սպորտաձևին ու չէին խնայում իրենց ուժերը նրանում վարպետանալու համար։ Ժամանակի ընթացքում, սակայն, ԽՍՀՄ ղեկավարության պատկերացումները կարատեի մասին դարձան, մեղմ ասած, թշնամական։ 

Նրանք առանձնացնում էին հետևյալ փաստարկները, որոնք կարող էին բերել նրան, որ կարատեն կործաներ ԽՍՀՄ ամբողջ գաղափարախոսությունը.

1. Նախ՝ ԽՍՀՄ իշխանությունները վստահեցնում էին, որ կարատեի փիլիսոփայությունն ամբողջովին հակասում է ԽՍՀՄ փիլիսոփայությանը, ու նրանց հատկապես դուր չէր գալիս այն հանգամանքը, որ կարատեի սենսեյին նրա աշակերտները աստվածացնում ու անխնա ենթարկվում են այն դեպքում, երբ նրանց համար միակ հեղինակությունը պետք է լիներ հենց ԽՍՀՄ ղեկավարությունը։ 

2. Մյուս հանգամանքն այն էր, որ նրանց դուր չէր գալիս այն կարգուկանոնը, որ կարատեն սովորեցնում էր իր սաներին, այսինքն՝ նրանք ունենում էին կազմակերպվածության այնպիսի բարձր մակարդակ, որ եթե ցանկանային, կարող էին երկրում հեղաշրջում կամ հեղափոխություն անել ու շատ հեշտությամբ։ 

3. Եվ վերջապես ԽՍՀՄ ղեկավարությունը փաստարկում էր, որ անցկացվող Օլիմպիական խաղերի ընթացքում նրանք բազմաթիվ մարզիկներ են կորցնելու, ովքեր նախընտրում են զբաղվել կարատեով ,և դրա հետևանքով ԽՍՀՄ կկորցնի բազմաթիվ չեմպիոնների։ 

Այս բոլոր փաստարկները բերելով՝ նրանք որոշեցին, որ Օլիմպիական խաղերի անցկացումից անմիջապես հետո՝ 1981թ.-ին, անգամ պետք է օրենք ընդունեն, որ բոլոր նրանք, ովքեր զբաղվելու են կարատեով, պետք է կա՛մ ահռելի տուգանք մուծեն՝ 500 ռուբլիի չափով, կամ էլ դատապարտվեն 2-5 տարվա ազատազրկման։ 

Հետաքրքրականն այն է, որ այս օրենքը ստիպեց կարատեի սիրահարներին ոչ թե հրաժարվել իրենց մարզումներից, այլ դրանք տեղափոխել գաղտնի հարթակ։ Նրանք գաղտնի մարզասրահներ էին բացում, որտեղ իրենց իսկ ձեռքով պատրաստած սարքերով փորձում էին տաք պահել մկանները։ 

Սա հանգեցնում էր նրան, որ նրանցից շատերին բանտարկեցին։ Նրանց շարքում հայտնվեց նույնիսկ Վասիլիյ Գուսևը՝ ուշուի մարզիչ։ Կարատեի հանդեպ վախն այնքան մեծ էր, որ Վասիլիյին ձերբակալողներն անգամ չէին էլ մտածել՝ ուշո՞ւ է դա, թե՞ կարատե, վտանգը մնում էր վտանգ։ 

5 տարի շարունակ կարատեիստներին հետապնդելուց հետո օրենքը դադարեց գործելուց։ Հետաքրքրականն այն է, որ նույն ռեպրեսիաները սկսեցին կիրառել նաև բոդիբիլդինգի հետ կապված։ Բոդիբիլդինգով զբաղվողներից շատերը ևս բանտում հայտնվեցին, մինչև որ 1983թ.-ին բոդիբիլդինգի հանդեպ կիրառվող արգելքը ևս հանվեց։