Գրիգորիուն պաշտոնին ոչ հարիր պահվածք է դրսևորել. մոլդովական իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում են նրա հրաժարականը


16:42 , 12 հուլիս, 2013

Tert.am-ը գրում է.

Մարդու իրավունքների պաշտպանության ջատագով մոլդովական կազմակերպությունները դատապարտել են ԼՂ հակամարտության վերաբերյալ փաստաբան, Մոլդովայի խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպան Աուրելյա Գրիգորիուի ելույթը:

 Ինչպես հաղորդում է մոլդովական Omg.md կայքը, մի շարք հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ հայտնի Հանրային քաղաքականության ինստիտուտը, իրավապաշտպան կազմակերպություններ Promo-LEX-ը, Մարդու իրավունքների ռեսուրսների կենտրոնը (CReDO), բաց նամակ են հղել Աուրելյա Գրիգորիուին ու պահանջել են հրաժարական տալ՝ «Հայաստանի խորհրդարանում իր պաշտոնին ոչ հարիր պահվածք դրսևորելու համար»:

 «Մենք համարում ենք, որ Երևանում ունեցած իր ելույթում տիկին Գրիգորիուն վերազանցել է իր լիազորություններն ու նախադրյալներ է ստեղծել Մոլդովայի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վատթարացման համար: Միջազգային համաժողովների ժամանակ նման պահվածքը հարիր չէ մարդու իրավունքների պաշտպանին և խաթարում է ժողովրդի վստահությունը խորհրդարանական փաստաբանի ինստիտուտի հանդեպ: Այս ամենը հաշվի առնելով՝ մենք Գրիգորիուին կոչ ենք անում հնարավորինս շուտ հրաժարական տալ»,-նշվում է նամակում:

 Դիմումի հեղինակները նաև ընդգծել են, որ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակավ ելույթները պետք է լինեն զուսպ և ապաքաղաքականացված:

 Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Հայաստանի Ազգային ժողովում աղմկահարույց միջադեպ տեղի ունեցավ. «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ իր ելույթում Մոլդովայի խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպան, Աուրելյա Գրիգորիուն Հայաստանը անվանեց «ագրեսոր երկիր»: Կին փաստաբանը նման հայտարարությամբ հանդես եկավ «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը սառեցված հակամարտությունների տարածքում» խորագրով իր զեկույցը ներկայացնելիս: Մոլդովայի ներկայացուցիչը մասնավորապես հայտարարեց, թե «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, Խոջալուում ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել (իսկ թե իրականում ինչ է տեղի ունեցել 1992թ. ԼՂ Խոջալու գյուղում, կարդացեք այստեղ- Tert.am): Ադրբեջանամետ, իրականությանը չհամապատասխանող հայտարարությունը մեծ աղմուկ առաջացրեց Հայաստանում. հայտարարությունը դատապարտեցին ինչպես հայ, այնպես էլ մոլդավացի քաղաքական գործիչները:

 Երեկ Մոլդովայի խորհրդարանի մարդու իրավունքների և ազգամիջյան հարաբերությունների հարցերի հանձնաժողովում գումարվել էր արտահերթ նիստ, որի օրակարգում էր եղել «ԼՂ հակամարտության վերաբերյալ փաստաբան Աուրելյա Գրիգորիուի ելույթը և դրա շուրջ բարձրացված աղմուկը»: Նիստի մասնակիցները դատապարտել էին Գրիգորիուի պահվածքը՝ նշելով, որ կին պաշտոնյան ԼՂ հարցի վերաբերյալ ելույթում ցույց է տվել «իր քաղաքական անհեռատեսությունը, մասնագիտական հմտությունների պակասը»:

 Օրեր առաջ Գրիգորիուի հրաժարականը, Երևանում ունեցած հակահայկական հայտարարության պատճառով, պահանջել էր նաև Մոլդովայի հայ համայնքը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ