Հին Բաբելոնում գոյություն ունեին կույս աղջիկների տոնավաճառներ, որտեղ ազատ տղամարդիկ իրենց համար կին էին ընտրում. ահա թե ինչպես էին դրանք աշխատում


15:30 , 12 փետրվար, 2020

Պատկերացրեք, որ դուք գնում եք տոնավաճառ և բանջարեղեն կամ մրգեր գնելու փոխարեն գնում եք ձեզ համար ապագա կին։ Մի տեսակ աննորմալ է, չէ՞, հնչում, բայց արի ու տես, որ Հին Բաբելոնում դրան շատ նորմալ էին վերաբերվում։ Այստեղ գործում էին տոնավաճառներ, որտեղ տղամարդիկ կարող էին հեշտությամբ իրենց կին ընտրել ու բացարձակապես չմտածել կնոջ ընտրության դժվարությունների մասին։ Այստեղ «ներկայացված» բոլոր աղջիկները պարտավոր էին կույս լինել, ու ահա թե ինչպես էին աշխատում տոնավաճառները։ 

Պատմիչ Հերոդոտոսը նշում է, որ Հին Բաբելոնը միշտ էլ առանձնացել է իր տարօրինակ ավանդույթներով, որոնք որքան էլ շոկային լինեն մեր օրերում, բայց անխափան էին գործում հին ժամանակներում։ Հին Բաբելոնում ընդունված էր, որ տղամարդը չպետք է ընկնի դռնեդուռ ու իրեն կին փնտրի, որովհետև դրա համար գոյություն ունեին հատուկ վայրեր՝ աղջիկների տոնավաճառներ, որտեղ էլ հավաքվում էին երկրի բոլոր աղջիկներն ու սպասում իրենց «սպիտակ ձիով ասպետին»։ Ամեն բան տեղի էր ունենում այսպես։ 

Մի քանի տարին մեկ անգամ Հին Բաբելոնը որոշում էր կազմակերպել ազատ ու կույս աղջիկների ցուցադրություն-վաճառքներ։ Դրանց ընթացքում բաբելոնցիները հավաքում էին ամուսնության ենթակա բոլոր աղջիկներին, ովքեր պարտադիր պայմանով պետք է կույս լինեին, և դնում վաճառքի։ Աղջիկները գիտեին, որ հենց այստեղ է նրանց լավագույն հնարավորությունը հարուստ ամուսին գտնելու, քանի որ տոնավաճառներից օգտվում էին բոլոր տղամարդիկ՝ հարուստից մինչև ամենաաղքատ։ 

Որքան գեղեցիկ էր աղջիկը, այնքան նրա գինը բարձր էր ու այնքան մեծ էր հավանականությունը, որ նա կամուսնանա հարուստ տղամարդու հետ։ Գեղեցիկ կին ունենալու համար տղամարդիկ չէին խնայում իրենց ողջ գումարը, սակայն այստեղ էր, որ տգեղ աղջիկների բախտը չէր բերում։ Նրանց համար շատ փոքր գին էր սահմանված, և նրանց բաժին էին հասնում այն տղամարդիկ, ովքեր գումար չունեին նորմալ, ու եկել էին, որ գոնե մեկին էլ իրենց գտնեն։ Այսպես՝ այս տղամարդիկ էլ ստիպված էին բավարարվել տգեղներով։ 

Յուրաքանչյուրն իր բաժին կնոջն իր հետ տանում էր տուն, որ հետն ամուսնանա, սակայն եթե ամուսնության արդյունքում պարզվում էր, որ աղջիկը կույս չէ, ապա նրան սպասվում էր ամենամեծ ու սարսափելի պատիժը։ 

Հին Բաբելոնում  կարևոր էր այն հանգամանքը, որ աղջիկը պետք է մինչև ամուսնանալը կույս լինի, դա էր պատճառը, որ հակառակի դեպքում, եթե ամուսինը պարզում էր, որ կույս չլինելը պայմանավորված չէ որևէ սեռական բռնությամբ, ապա կնոջը հրապարակայնորեն հետևյալ սարսափին էր ենթարկում․ նրա դեմքին մեծ քարով այնքան էր հարվածում, որ աղջիկը կորցներ շնչելու կարողությունը։ Սա ստիպում էր աղջիկներին ավելի ուշադիր լինել իրենց սիրային կապերի հանդեպ։