«Հիմա լիարժեք երջանիկ ենք». Լուսին Վարդանյանը՝ որդու ծննդից հետո ամուսնու հետ հարաբերությունների և դստեր խանդի մասին (Photo)


20:15 , 11 փետրվար, 2020

Tert.am Life-ը գրում է.

Դերասաններ Լուսին Վարդանյանն ու Վահագն Խաչատրյանը տարեսկզբին ծնողներ դարձան։ Ընտանիքի նոր անդամը՝ Արան, իր հետ մեծ երջանկություն է բերել նրանց։

Tert.am Life-ի հետ զրույցում Լուսինը պատմեց ինչպես ընտանիքի նոր անդամի բերած փոփոխությունների, այնպես էլ ավագ դստեր՝ 6-ամյա Ռուզաննայի խանդի յուրօրինակ դրսևորման մասին։

«Ինձ հաճախ են հարցնում՝ արդյոք առաջին և երկրորդ երեխայի ծննդից հետո զգացողությունները տարբեր են, իրականում՝ ոչ, նույն երջանկությունը, պատասխանատվությունն ու սերն է։ Մեր ընտանիքում չկա այն մոտեցումը, որ երեխայի սեռով պայմանավորված մեկին ավելի շատ սիրենք։ Ամեն մեկն իր անփոխարինելի տեղն ունի»,- ասաց Լուսինն ու հավելեց, որ որդին շատ հանգիստ բալիկ է։

«Ռուզիկս այդ տարիքում շատ անհանգիստ էր, չէր քնում, Արաս ավելի հանգիստ է, ինչն օգնում է, որ ես էլ չլարվեմ։ Այս տարիքից երևում է, որ խնայող, բարի բնավորություն ունի» ,- ժպիտով ասաց մայրիկը։

Լուսինը նշեց, որ աղջիկը մեծ սիրով է ընդունել եղբորը, նրա հանդեպ շատ հոգատար է, բայց սկսել է ուշադրության պայքար մղել։

«Դեռ 2 տարի առաջ Ռուզիկս ամեն օր խնդրում էր, որ երեխա ունենանք, երազում էր քույր կամ եղբայր ունենալ։ Այս տարիքից մամայի բնազդ ունի, շատ երեխայասեր է։ Նույնիսկ երեխային լողացնելիս գալիս, օգնում է։ Իր սերը եղբոր հանդեպ շատ մեծ է, բայց ինձ հետ հարաբերություններում լարվածություն եմ նկատում, չլսող է դարձել, դասերը չի ուզում անել։ Հասկանում եմ, որ խանդի դրսևորումն է, փորձում է ուշադրություն գրավել իր կողմը։ Նույն դրսևորումները կան նաև Վահագնի հետ հարաբերություններում։ Մի փոքր բարդ է, բայց լավ է, որ երեխային վնաս չի տալիս, նրա հանդեպ լարվածություն չունի»,- պատմեց Լուսինն ու հավելեց, որ փորձում են հնարավորինս շատ ուշադրություն տալ աղջկան, բայց, ըստ անհրաժեշտության, խստություն էլ են ցուցաբերում։

«Երբեմն մտածում եմ՝ ամեն ինչ արել եմ, էլ ինչ անեմ, բայց հասկանում եմ, որ երեխա է, այդ կերպ ուշադրություն է գրավում։ Միգուցե դաս չի անում, որ ավելի երկար նստեմ իր հետ։ Քանի որ Արան շատ հանգիստ երեխա է, կարող է ժամերով քնել, այդ ընթացքում Ռուզիկին առաջարկում եմ միասին խաղալ կամ դաս անել։ Հուսով եմ՝ այս փուլն արագ կհաղթահարենք։ Իրականում, երեխայիդ հանդեպ
սերը չի կիսվում, բայց երևի ժամանակ է պետք, որ ինքն էլ դա հասկանա», - ասաց Լուսինը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ