«Օսկար»-ը նոր հակառեկորդ է սահմանել դիտումների ցուցանիշով


20:00 , 11 փետրվար, 2020

Ռեկորդային փոքր թվով հեռուստադիտողներ են փետրվարի 9-ին դիտել Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման 92-րդ արարողության հեռարձակումը հոլիվուդյան Dolby թատրոնից: Համապատասխան տվյալները փետրվարի 10-ին հրապարակել է Nielsen հետազոտական ընկերությունը ABC հեռուստաընկերության պատվերով:

Մասնագետների համաձայն՝ այս անգամ մրցանակաբաշխությունը, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվել է առանց պաշտոնական հաղորդավարի, դիտել է ընդամենը 23.6 մլն մարդ: Հեռուստատեսային վարկանիշների նախորդ հակառեկորդը սահմանվել էր 2018 թվականին, երբ կինոաշխարհի գլխավոր ամենամյա իրադարձության հանդիսականների հաշվիչը կանգ էր առել 26,5 միլիոնի նշագծին: «Օսկար» մրցանակաբաշխությունը հեռուստադիտողների թվի նվազման հնգամյա միտումը, թվում էր, ընդհատվեց անցյալ տարի, երբ այն դիտեց 29,6 մլն մարդ, սակայն ընթացիկ տարին ամենացածր ռեյտինգով նշանավորվեց նման արդյունքների ամփոփման ողջ պատմության ընթացքում: Վերջին 20 տարվա ընթացքում «Օսկար» մրցանակաբաշխության դիտելիության թվով ամենահաջողը եղել է 2014 թվականի արարողությունը: Այդ տարի այն դիտել է 43,7 մլն մարդ: