Ռուսական կողմում կա կուտակված 1000-ից ավել բեռնատար ավտոմեքենա


14:36 , 11 փետրվար, 2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին, ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի:

Հատիս-Զովաշեն, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի, Վայոց ձորի մարզի Վայք-Սարավան ավտոճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 1000-ից ավել բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։