Pastinfo.am-ը գրում է․
Կառավարությունն առաջարկում է «Հասարակական կազմերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարել։ Նախագիծը մշակել է ՊԵԿ նախագահի կողմից ստեղծված աշխատանքային խումբ, որի աշխատանքներին մասնակցել են նաև մի շարք հկ-ների ներկայացուցիչներ։
«Օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդրահարույց նորմերը հարթելու և դրանք վերախմբագրելու, իրավակարգավորումներ տալու անհրաժեշտությունից»,- ԱԺ-ում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ ներկայացնելով օրենքի նախագիծը։
Նա հայտնեց, որ գործող կարգավորմամբ հկ-ն յուրաքանչյուր տարի պարտավոր է հրապարակել իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն, եթե կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները։
«Այս օրինագծի հիմնական նպատակն այն է, որ բոլոր հկ-ները պարտավոր են հաշվետվություն ներկայացնել, մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը՝ էլեկտրոնային եղանակով»,-ասաց Անանյանը։
Նա նշեց, որ եթե հաշվետվությունները ՊԵԿ-ի ստեղծած էլեկտրոնային հարթակում հրապարակվեն, ապա այն հասանելի կլինի նաև հանրությանը։
«Որոշ ճշգրտող փոփոխություններ են կատարվել կապված անդամների ու կամավորների թիվը հունվարի 1-ի դրությամբ հայտարարագրելու հետ։ Այսօր գործող իրավակարգավորումներով հկ- ն պարտավոր է հաշվետվության մեջ ներկայացնել անդամների ու կամավորների թվի վերաբերյալ տեղեկություն հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ, սակայն մենք կարծում ենք, որ այն պետք է ներկայացնել դեկտեմբերի 31-ի դրությամբ, որովհետև հունվարի 1-ի տեղեկատվությունն արդեն ժամանակավրեպ է»,-ասաց ՊԵԿ նախագահը։