Օձերի կղզին Բրազիլիայում. այս վայրի մասին մտածելն անգամ սարսափելի է


22:45 , 10 փետրվար, 2020

Քեյմադա Գրանդին, որն առավել հայտնի է Օձերի կղզի անունով, ընդամենը 0.43 քկմ մակերես տարածք ունեցող կղզի է, սակայն չնայած փոքր չափերին, այնտեղ ավելի քան 2-4 հազար օձ կա։ Կղզին գտնվում է Ատլանտյան օվկիանոսում՝ Բրազիլիայի ափերից 35 կմ հեռավորության վրա։ Կղզում ապրում են օձերի տարբեր տեսակներ, այդ թվում՝ Bothrops insularis, որն աշխարհում ամենաթունավորներից մեկն է համարվում։

Քաղաքային լեգենդները լի են սարսափելի ու մահացու դեպքերի մասին պատմություններով, որոնք պատահել են այս կղզու ափերին։ Օձի վերոհիշյալ տեսակը կյանքի համար մեծ վտանգ է ներկայացնում. դրա խայթոցն առաջացնում է հյուսվածքների արագ մահ, սուր երիկամային անբավարարություն, ստամոքսաաղիքային արյունահոսություն, ուղեղի արյունահոսություն և արագմահ։ Օրինակ՝ մուկը մահանում է 2 վայրկյանում։ Այս օձի թույնը հալեցնում է միսն ու հյուսվածքները՝ այդպիսով հեշտացնելով օձի մարսողության գործընթացը։

Հնում Քեյմադե-Գրանդիում ապրում էին օձերի նույն տեսակները, ինչպիսիք գոյություն ոնեն մայրցամաքում։ Շուրջ 10,000-12,000 տարի առաջ կղզին կպած էր ցամաքին, սակայն ծովի մակարդակը բարձրացավ և Օձերի կղզին մեկուսացրեցմայրցամաքային Բրազիլիայից։ Քանի որ կղզում մանր կաթնասուններ չկան, որոնցով սնվում են օձերը, նրանք սովորեցին ապրել ծառերի վրա։ Այսօր օձերի հիմնական սնունդը թռչուններն են, որոնք անցնում են կղզով միգրացիայի ժամանակաշրջանում։ Օձերը սովորել են թաքնվել ծառերի գագաթներին և արագորեն բռնել թռչուններին։ Նրանց թույնը ևս էվոլյուցիայի է ենթարկվել և դարձել մի քանի անգամ ավելի հզոր, քան մայրցամաքային օձերինն են։ Դա անհրաժեշտ էր թռչուններին առավել արագ սպանելու համար։ Երբ չկան սեզոնային թռչուններ, օձերը սնվում են մողեսներով, գորտերով, բազմոտանիներով և այլ օձերով։

Քեյմադա-Գրանդին փակ է այցելությունների համար, սակայն այն, միևնույն է, հայտնի է զբոսաշրջիկների շրջանում։ Գիդերը զբոսաշրջիկներին մոտեցնում են կղզու ափերին՝ դրա վրա, սակայն, ոտք չդնելով։ Կղզու միակ այցելուները կենսաբաններն ու ուսումնասիրողներն են, որոնց հատուկ թույլտվություն է տրվում։ Բրազիլիայի ռազմածովային բանակը ևս ամեն տարի կանգ է առնում կղզու վրա՝ փարոսի աշխատանքն ապահովելու համար, որը 1920-ականներից ավտոմատիզացվել է։