Օդանավը Նյու Յորքից Լոնդոն է հասել ռեկորդային կարճ ժամանակում


22:00 , 10 փետրվար, 2020

British Airways-ի ուղեւորատար օդանավը Նյու Յորքից Լոնդոն է հասել ռեկորդային ժամանակում: Ինչպես հայտնում է  The Independent-ը, Boeing-747-ը երկու մայրցամաքների միջեւ տարածությունն անցել է 4 ժամ 56 րոպեում:

Օդանավի զարգացրած 1200կմ/ժ արագության պատճառը Հյուսիսային Ամերիկայից Մեծ Բրիտանիա հասած ուժեղ քամին է եղել: Ըստ պարբերականի, նախորդ ռեկորդը պատկանում էր Norwegian Air ավիաընկերությանը, որի օդանավը 2018 թվականի հունվարին նույն տարածությունն անցել էր 5 ժամ 13 րոպեում: Այս չվերթի միջին տեւողությունը 6 ժամ 13 րոպե է:

«Մեզ համար առաջնահերթությունը միշտ էլ անվտանգությունն է, քան արագության ցուցանիշը, բայց մեր բարձրակարգ օդաչուները առավելագույնս են  օգտագործում եղանակային պայմանները` մեր հաճախորդներին նախանշված ժամանակից շուտ Լոնդոն վերադարձնելու համար», – մեջբերում է պարբերականն ավիաընկերության  ներկայացուցիչի խոսքերը: