«Կախարդական վրձինը» և սպասվելիք հանրաքվեն


11:21 , 8 փետրվար, 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս Կապանում տված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ 1996 թ.-ից սկսած` բոլոր համապետական ընտրությունները կեղծվել են։ Սակայն առ այսօր չկա որևէ անձ, որը կալանավորված է ընտրական հանցագործությունների շրջանակներում։

Եթե այդքան փաստարկված է ամեն ինչ, որ վարչապետն իրեն թույլ է տալիս նման հայտարարություններ անել, ապա ինչո՞ւ որևէ ընթացք չի տրվում` պարզելու համար, թե ինչ չափի կեղծիքների մասին է խոսքը գնում, և ինչ ազդեցություն է ունեցել այդ ամենը Հայաստանի Հանրապետության վարկանիշի վրա։ Համենայն դեպս, մինչ օրս չենք լսել, որ նմանատիպ քրեական գործ հարուցված լինի, և նախաքննություն ընթանա։

Թույլ տվեք չհավատալ վարչապետի նման վստահ հայտարարությանը, քանի որ առ այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը Տիգրան Մուկուչյանն է, ով 2011 թ.-ից սկսած պաշտոնավարում է։ Եթե փաստերն այդքան ակնառու են, որ թույլ են տալիս նման հայտարարություն անել, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն արդեն գոնե կասկածյալի կարգավիճակ պետք է որ ունենար այդպիսի որևէ քրեական գործի շրջանակում...

Հանրության ականջները նման, ենթադրում եմ, ոչ բավարար փաստարկված հայտարարություններով ծանրացնելու փոխարեն փոխեք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամբողջ կազմը, որպեսզի ապագայում սպասվելիք հանրաքվեն կասկածի տակ չդրվի զուտ այն պատճառով, որ դուք անուղղակի կերպով ներկայիս ԿԸՀ նախագահին մեղադրել եք ընտրական հանցագործություններին թեկուզ ոչ ուղղակի մասնակից լինելու մեջ, սակայն հանրաքվեն կանցկացնեք նրա նախագահության օրոք, եթե մինչ այդ ազատված չլինի աշխատանքից։

Հ.Գ. Պարոն վարչապետ, այլևս չի ստացվելու անցյալին վերադառնալով և հիշեցումներ կատարելով ամրացնել Ձեր դիրքերը իշխանության ղեկին։ Միայն ճշգրիտ ու որակով, գրագետ, օրենքի տառին համապատասխան աշխատանքը թույլ կտա, որ հանրությունը հավատա ու վստահի Ձեզ, Ձեր խոսքերին։ Սակայն վստահ եմ, որ շատ շուտով քաղաքացիները կհասկանան, թե ինչ նպատակ էիք հետապնդում, երբ «նախկինը» հիշեցնելով պահպանում էիք Ձեր իշխանությունը...

Նկարում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն է։