Արտակ Դավթյանի պատասխանները չեն գոհացրել. Մանրամասներ Ապրիլյանի հանձնաժողովի նիստից. «Ժողովուրդ»


09:21 , 8 փետրվար, 2020

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել երեկ խորհրդարանում կայացած ԱԺ 2016 Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստից: Ինչպես հայտնի է, երեկ այդ նիստին հրավիրված էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նիստն այս անգամ ևս անցել է շատ բարի մթնոլորտում: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Դավթյանին ներկայացրել է այն հարցաշարը, որին պատասխանում են բոլոր այն անձինք, ովքեր հանձնաժողով են հրավիրվում, և խնդրել է մանրամասներ ներկայացնել այդ օրերի պատերազմական իրավիճակից:

Ըստ մեր տեղեկությունների՝ Դավթյանը ներկայացրել է այն տեղեկությունները, որոնց տիրապետել է: Սակայն հետաքրքիր է, որ հանձնաժողովի անդամները, կարծես թե, այնքան էլ գոհ չեն մնացել Դավթյանի պատասխաններից և միմյանց միջև քննարկել ու ասել են, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պատասխաններն ավելի ընդգրկուն են եղել, իսկ Դավթյանն ավելի թռուցիկ է խոսել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպման վերջում անդրադարձ է եղել նաև վերջին օրերին բանակում կատարված դեպքերին, և Դավթյանը շտապել է հանգստացնել պատգամավորներին, թե ամեն ինչ նորմալ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: