Արքայազն Էնդրյուն հրաժարվել է ծովակալի կոչումից Էպշտեյնի հետ կապված սկանդալի պատճառով


01:47 , 8 փետրվար, 2020

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու որդին՝ Էնդրյուն, արքունիքի խորհրդով որոշել է ժամանակավորապես հրաժարվել իրեն ռազմածովային ուժերի ծովակալի կոչում շնուրհելուց՝ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ իր կապերի շուրջը ծագած սկանդալի պատճառով: Փետրվարի 7-ին այդ մասին հայտնել է Daily Express թերթը։

Հերթական պատվավոր զինվորական կոչումը դուքսին պետք է շնորհվեր ծննդյան 60-ամյակի (փետրվարի 19-ին) առթիվ՝ վաղեմի պրակտիային համապատասխան, ըստ որի թագավորական ընտանիքի ավագ անդամները պետք է գտնվեն զինվորական ծառայության մեջ: Սակայն, Բուքինգհեմի պալատի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ արքայազնին խորհուրդ է տրվել հրաժարվել պլանավորված բարձացումից այնքան ժամանակ, քանի դեռ նա լիովին չի վերականգնել պաշտոնական պարտականությունները որպես թագավորական ընտանիքի անդամ:

Արքայազն Էնդրյուն պաշտոնական պարտականությունների կատարումից ժամանակավորապես հրաժարվել է 2019 թվականի նոյեմբերին:

Նա նաեւ այն ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է շահագրգիռ իրավապահ մարմիններին ցույց տալ ամբողջ անհրաժեշտ օգնությունն Էպշտեյնին վերաբերող բոլոր հետաքննություններում: Վերջինս ԱՄՆ-ի իշխանությունների կողմից մեղադրվել է սեռական բռնության եւ անչափահասներին մարմնավաճառության ներքաշելու մեջ, իսկ 2019 թվականի օգոստոսին ինքնասպան է եղել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: