Վ. Գասպարին մի շարք պատասխաններ ստանալու դեպքում պատրաստ է հրաժարվել գետնին պառկելուց


13:43 , 12 հուլիս, 2013

Tert.am-ը գրում է.

Ակտիվիստ Վարդգես Գասպարին Հայաստանի իրողությունների հետ կապված մի շարք պատասխաններ ստանալու դեպքում պատրաստ է քաղաքացիական պայքարի ժամանակ պակաս ծայրահեղ, իր խոսքով՝ մաքսիմալստական, առավել «իրավաչափ» քայլերի դիմել և, մասնավորապես, հրաժարվել գետնին պառկելուց:

Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով դիտարկմանը, որ անգամ հայաստանյան քաղաքացիական հասարակության համար Վարդգես Գասպարիի պայքարի մեթոդները սկզբնական շրջանում առնվազն տարօրինակ էին, վերջինս ասաց.«Համարժեք քայլերը … ես ծանոթ չեմ, եթե ծանոթ եք, խնդրեմ ասեք: Մի խումբն ասում է, որ մինչև իշխանափոխություն չլինի օգուտ չունի, մի խումբը՝ որ պետք է ժողովրդի գիտակցությունը բարձրացնել և այլն: Այնուամենայնիվ, մենք ամեն օր տանուլ ենք տալիս»:

«Սպանել են Վահե Ավետյանին, մենք տանուլ ենք տալիս, մենք գնում ենք սրա դեմ պիկետ անենք, ոստիկանը ուղղակիորեն չի թույլատրում, սա մեր պարտությունն է և իշխանության հաղթանակն է: Մեր պարտությունն ու իշխանության հաղթանակն է, երբ 2008 թվականից հետո Հայաստանից հեռացավ 100-200-400 հազար մարդ: Եթե այս հարցերի պատասխանն ունենամ, շատ ուրախ կլինեմ այսպես ասած՝ ավելի ոչ մաքսիմալիստական քայլերի գնալու համար»,– բացատրեց ակտիվիստը:

Ամփոփելով՝ Վարդգես Գասպարին ասաց, որ եթե մարդը գնում է «իր հանգուցյալի» հիշատակը հարգելու, բայց իրեն չեն թողնում, իրեն այլ բան չի մնում, բացի այդ մարդկանց օլիգարխների կոշիկները լպստողներ անվանելուց:

Հիշեցնենք, որ երեկ ակտիվիստը այս նույն հայտարարությունն արել էր «Ֆեյսբուքում» արված գրառմանը մեջ, որից հետո իր մուտքի առջև լցրել էին մի տոպրակ թրիք: 

Այսուհանդերձ, ոստիկանությունը, իրավապահ մարմինները հայտարարում են, որ իրենց գործելակերպն առավել քաղաքակիրթ, բարեկիրթ, թափանցիկ է դարձել:

Հարցին, թե թեկուզ աննշան, բայց փոփոխություն նկատե՞լ է, Վարդգես Գասպարին պատասխանեց. «Գուցե ձևականորեն, եթե դա լիներ ընդհանրական ես կասեի: Իսկ ուղղակիորեն դա վերաբերում է այն հարցերին, որտեղ իրենք տեսնում են այդպես երևալու անհրաժեշտությունը կամ իրենց համար այդ հարցը ցուցադրական իմաստ ունի»:

Իբրև վկայություն ասածի, որ սրանք ընդամենը դեկլարատիվ հայտարարություններ են, Վարդգես Գասպարին բերեց վերջին անգամ ոստիկանություն բերման ենթարկվելու ժամանակ տեղի ունեցած մի դեպք. մի մարդ է բերման ենթարկված եղել և նրան ասել են, որ գնա զուգարանի մոտ կանգնի, իսկ երբ մարդն ասել է՝«զուգարան ա, հոտ ա գալիս», ոստիկանը տեսնելով բաժնից դուրս բերվող Գասպարիին ասել է. «Հլա մի հատ սրան տանենք, տես քեզ ինչ ենք անելու»:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ