Վարչապետ Փաշինյանը ժամկետանց վարկերի 0,85% ցուցանիշի մասով իրականացրել է հերթական մանիպուլյացիան


19:13 , 7 փետրվար, 2020

Այսօր վարչապետ Փաշինյանը բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի 0,85% ցուցանիշի մասով իրականացրել է հերթական մանիպուլյացիան։

Ցավալի է մտածել, որ այդ մանիպուլյացիայի մաս է կազմում նաև Կենտրոնական բանկը, որ վստահաբար տեղյակ է ժամկետանց վարկերի իրական ծավալի մասին, քանի որ ենթադրում եմ՝ թվերը իրենք են ներկայացրել։

Բանկիրները գիտեն, որ ժամկետանց վարկերը 270 օր անց դուրս են գրվում հաշվեկշռից և արդյունքում արտացոլված չեն այս ցուցանիշում։

Պատկերավոր ասած՝ նոյեմբեր ամսվա 260 օր ժամկետանց վարկը դեկտեմբերին արդեն «ժամկետանց» չէ։ Իսկ իրականում ժամկետանց վարկերի ծավալը ավելի քան 10 անգամ ավելին է, քան նշված է վարչապետի գրառման մեջ։

Եթե բանկիր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԿԲ֊ն ի զորու չեն վարչապետին ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու կամ զերծ պահելու մանիպուլյատիվ տեղեկատվություն հրապարակելուց, խորհուրդ եմ տալիս վարչապետին նեղ մասնագիտական տեղեկատվությունը ճշտել նաև ոլորտի այլ մասնագետների հետ։