Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդը՝ Նիկոլին. Լուրեր դժոխքից


16:56 , 7 փետրվար, 2020

Մեր խմբագրության տրամադրության տակ է հայտնվել սահմանադրական փոփոխությունների 17 հոդվածների նախագիծը։ Այսպիսով․

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 1․ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդը՝ Նիկոլին։
Հոդված 2․ Երբ ժողովրդի ու Նիկոլի կարծիքները համընկնում են ինչպես ՍԴ հարցում, կարելի է անել հանրաքվե, որ հպարտ քաղաքացին հայտնի իր կարծիքը։ Երբ կարծիքները չեն համընկնում ինչպես Ամուլսարի դեպքում, հանրաքվե չի կարելի, որ Անգրագետ Պողոսը չորոշի երկրի ապագան։
Հոդված 3․ ՀՀ տարածքում պիցցայի շրջանառությունն արգելվում է։
Հոդված 4․ ՀՀ տարածքում գրիչը համարվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք։
Հոդված 5․ ՀՀ ցանկացած բնակիչ, ինչպես նաև սփյուռքահայությունը, իրավունք ունի արտահայտելու իր անսահման սերը վարչապետի հանդեպ՝ ֆեյսբուքյան մեկնաբանություններում «Сирели варчапеть!  գրելով։
Հոդված 6․ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև սփյուռքի ցանկացած ներկայացուցիչ իրավունք ունի քոչո պիցցայակեր անվանել վարչապետի գրառման տակ ցանկացած քննադատական մեկնաբանություն թողնողներին, որովհետև մեր վարչապետին կարող են չսիրել ու քննադատել միայն քոչո պիցցայակերները։
Հոդված 7․ ՀՀ կառավարության, ԱԺ ու Երևանի ավագանու անդամները պարտավոր են արտահայտել սերը վարչապետի հանդեպ առնվազն ամիսը մեկ նրա գրառումները տարածելով։ Մեկնաբանության դաշտում տարածելիս պետք է մեջբերել գրառումից մի հատված կամ գրել նախկինների հանդեպ զզվանք առաջացնող միտք։
Հոդված 8․ Իշխող խմբակցության անդամներն ընդդիմության նույնիսկ ռացիոնալ ու փաստարկված քննադատությանը կարող են պատասխանել հեգնելով, ձեռ առնելով ու վիրավորելով, թեմայից շեղվելով, քանի որ «Իմ քայլին» կարող են չսիրել միայն պիցցայակերները։
Հոդված 9․ Իշխանության մեծ մասի դուխը պիտի պատի միայն ինծիլիգենտ դոձիկ ընդդիմության վրա։ Նախկինների մասին մեծ մասը պետք է խոսի վերացական, առանց կոնկրետանալու։ Երբ որևէ մեկը սպառնա սրբել ոտքերը ներկա իշխանության վրա, թույլատրելի է լռել կամ սպառնալ ժողովրդի ահեղ դատաստանով։ Քայլեր ձեռնարկել պարտադիր չէ։
Հոդված 10․ ՀՀ իշխանությունում պարտավոր են աշխատել վարչապետը, ՊՆ, Առողջապահության, տարածքային կառավարման նախարարները, Երևանի քաղաքապետը, Քաղավիացիայի ղեկավարը, մի 8-10 պատգամավոր, էլի մի 20 հոգի։ Իշխանության մնացած ներկայացուցիչների աշխատանքային պարտականությունն է վերը թվարկվածների գործի արդյունքները տարածելը՝ մեկնաբանությունում «!!!!!» գրելով։
Հոդված 11․ Հայաստանի Հանրապետությունում բոլոր դրական ցուցանիշներն աճում են, իսկ բացասականները՝ նվազում։ Եթե որևէ դրական ցուցանիշ փոքրանում է, ասենք, 10%-ով, պետք է հասկանալ, որ այն չի նվազել, այլ աճել է 0․9 անգամ։
Հոդված 12․ Հայաստանի Հանրապետության կառավարությունը թափանցիկ ու հաշվետու է ժողովրդի առաջ։ Եթե որևէ բան, ասենք՝ պարգևավճարները, ժողովուրդը իմանում է պատահաբար, դա չի նշանակում, որ երևույթը ժողովրդից գաղտնի է պահվել․ պարզապես ժողովուրդը չի հարցրել, իշխանություններն էլ չեն ասել ժողովրդին։
Հոդված 13․ Ցանկացած անհասկանալի իրավիճակում կարելի է բերման ենթարկել «Ադեկվադներին»։
Հոդված 14․ Կոկորդիլոսների որսը ՀՀ տարածքում արգելվում է։
Հոդված 15․ ՀՀ-ն օգտագործում է Լուսինը միայն խաղաղ նպատակներով։
Հոդված 16․ Բոլոր նախկին օլիգարխները 2018-ից հետո անվանվում են խոշոր սեփականատեր։
Հոդված 17․ Հայաստանի Հանրապետության տարածքում կարելի է սկզբից որոշել, հետո մտածել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ժողովուրդը դրան ի պատասխան ճանապարհ է փակում։ Այդ դեպքերում պետք է վարվել հակառակ կերպով՝ մտածել, հետո՝ որոշում ընդունել։