Երեկ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցածն, ըստ էության, արձանագրեց ժողովրդավարական մեխանիզմների մահվան սկիզբը


11:18 , 7 փետրվար, 2020

Շնորհավորում եմ բոլորիդ, Հայաստանում վերջապես տեղի ունեցավ այն, ինչին շատերս սպասում էինք երկու տարի շարունակ, իսկ ոմանք՝ շատ ավելի երկար: Մեկնարկեց հեղափոխությունը: Երեկ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցածն, ըստ էության, արձանագրեց ժողովրդավարական մեխանիզմների մահվան սկիզբը: Սա մի իրադարձություն էր, որին թեկուզ և ենթագիտակցաբար, այնուամենայնիվ, շատ անհամբեր սպասում էր համայն հայությունը: Բուն իրադարձությունը պարզապես խախտում է իշխանական ճյուղերի միջև պարտադիր համարվող հավասարակշռության սկզբունքը: Թվում է, թե սա մանր դետալ է, բայց կենսական նշանակություն ունի վերջին հինգ հարյուր տարվա դոմինանտ քաղաքագիտական դոգմայի համար:

Տեսեք, կապիտալիզմի անբաժան մաս է կազմում ժողովրդավարության այն մոդելը, որտեղ ժողովուրդն իրականում բան չի որոշում, դա է կապիտալի պահպանման կարևորագույն օրենքը: Սրա մասին դեռ Մարքսն էր գրել իր կապիտալի կուտակման հայտնի երեք փուլերում՝ սկզբից կապիտալի անբռնազբոս կուտակում (աշխարհում գոյություն չունի արդար վաստակված կապիտալ), հետո՝ պահպանում (ախրանա, քավոր-սանիկ, կաշառք) ու վերջում՝ հավասար պայմանների ստեղծում (դեմոկրատիա): Կապիտալի պահպանման համար հավասար պայմանները գերկարևոր են, քանի որ հավասար պայմաններում աղքատն ու միջին դասի ներկայացուցիչը երբեք չեն կարող մրցել խոշոր կապիտալիստի հետ: Այդ հավասար պայմանների կարևոր մաս է կազմում հենց իշխանության ճյուղավորումը՝ գործադիրը, օրենսդիրն ու դատականը ու այդ ճյուղերի միջև եղած բալանսը: Մեկը մյուսին պիտի հակակշռի, եթե հանկարծ իրավիճակը ուզենա վերահսկողությունից դուրս գալ:

Ազգային ժողովում պետք է լինեն իրար հետ գզվրտվող, բայց իրարից առանձին մեծամասնություն չունեցող ֆրակցիաներ: Կառավարությունը պիտի հաշվետու լինի այդ ֆրակցիաներին: Ֆրակցիաները պիտի անընդհատ մասնակցեն «ընտրությունների» ու կախված լինեն իրենց ֆինանսավորողից: Ու եթե ԱԺ-ում կամ կառավարությունում մեկը շեղվեց «ճիշտ» ուղուց ու, ասենք, որոշեց հրաժարվել դոլարից՝ որպես պահուստային միջոցից, կամ որոշի արգելել վաշխառությունն առհասարակ ու վարկերը տալ միայն միջնորդավճարի դիմաց, ոչ թե տոկոսի, ապա խաղի մեջ կմտնի «սուրբ կովը»՝ «անկախ» դատական համակարգն ու հղում կանի սրբերի սրբոց սահմանադրության վրա:

Այս սիստեմը գործել է դարերով: Մարդիկ ինքնակամ գնացել են ընտրատեղամասեր ու քվեարկել են հօգուտ սահմանադրությունների, որոնք միտված էին պահպանել կապիտալիստական ստատուս քվոն, վնասազերծել ազգայնականականներին ու սոցիալիստներին և «հավասարակշռել», ասել է, թե` չեզոքացնել իշխաններին: Թե բա՝ ժողովուրդը երբեք չի սխալվում։)))

Այս մեխանիզմը 30 տարի է՝ գործում էր նաև Հայաստանում ու, ըստ ամենայնի, շուտով կխափանվի: Ընդ որում, կապ չունի, թե ինչ արդյունք կունենա Փաշինյանի նախաձեռնած հանրաքվեն: Էականն այն է, որ դրան չեն դիմադրելու մեր վզին այս օձիքը 30 տարի առաջ կապած ուժերը, նրանք չենք կարող իրենց այդ շռայլությունը թույլ տալ: Տեղի է ունենում արևմտյան դոգմաների դեսակրալիզացիա: Սահմանադրությունը, իշխանական ճյուղերի հավասարակշռումը, պլյուրալիզմը, պառլամենտարիզմը, դեմոկրատիան և նույնիսկ պետության և կրոնի տարանջատումը այլևս սրբություն չեն: Նիկոլը սահմանադրությունը պղծող, հավասարակշռության վրա թքող, կիսակրոնական կերպար է, ով բառացիորեն գոյություն ունի ԵԽԽՎ-ի շնորհիվ: ԵԽԽՎ-ն է պատճառը, որ Նիկոլը ցմահ դատապարտված չէ: Ու հենց Նիկոլն է դառնում պատճառը, որ ԵԽԽՎ-ն ցմահ բարոյազրկվելու է, քանի որ, ծեծված պրոտոկոլային դատապարտող ձևակերպումներից զատ, նրանք իրենց հոգեզավակի դեմ այլ բան չեն ձեռնարկի: Իրավապաշտպանները մի երկու հատ դեժուրնի ստատուս կգրեն, խորհրդարանական ընդդիմությունը հղումներ կանի տարատեսակ կոնվենցիաներին, արտախորհրդարանական ընդդիմությունը կոչ կանի հանրաքվեն վերածել անվստահության քվեի... Էս սաղ կանցնի-կգնա, կմնա միայն պղծված սուրբ կովը, որը կոչվում էր սահմանադրականություն:

Կրկնում եմ՝ էական չէ, թե ինչ ավարտ կունենա այս ամենը, կարևորն էդ երեսպաշտ սրիկաներին պղծելն էր, ողջ արևմտյան կեղծ բարեպաշտական համակարգը դեսակրալիզացնելն էր: Կարևորը ցույց տալն էր, որ էդ շիկահեր կույսը շարքային պուտանկա է, բայց միայն շատ հարուստ օտարների համար:

Ու այս առողջացման պրոցեսը մեր մեջ առաջնորդեց մեր միջի կատարյալ անառողջը:

Հ.Գ. Հոբսն ու Լոքն ո՞ւմ շունն էին, երբ կային Դավիթ Անհաղթն ու Մխիթար Գոշը:

#դուխով