Եգիպտոսը համաշխարհային ռեկորդ է սահմանում. այստեղ 30,000 բնակչի համար նախատեսված շենք են կառուցում


22:00 , 5 փետրվար, 2020

Daily Mail-ը հայտնում է, որ Կահիրեի շրջակայքում կառուցում են Skyline անվանմամբ հսկայական բնակավայր, որի արժեքը կկազմի $546,6 միլիոն։ 30,000 բնակչի համար նախատեսված շքեղ համալիրը, որը փոքրիկ քաղաքի չափ կունենա, կառուցվում է Եգիպտոսի մայրաքաղաքից հարավ-արևելք գտնվող հատվածում։ Նախագծի ճարտարապետ Մոհամեդ Հադիդն այն անվանում է «մասշտաբային և նշանակալից»։ Շինարարությամբ զբաղվում է իսպանական Van der Pas ընկերությունը եգիպտացի ինժեներ Ռաեֆ Ֆամիի հետ համատեղ։

Կառույցը կունենան 11 հարկ և կզբաղեցնի ավելի քան 6 հեկտար տարածք։ Դա 4 անգամ ավելի մեծ է, քան Քեոփսի բուրգը, որը 4000 տարի շարունակ համարվել է մարդու կողմից կառուցված խոշորագույն կառույցը։ Skyline-ը հավակնում է դառնալ մոլորակի ամենամեծ բնակելի շենքը և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։

Ճարտարապետ Մոհամեդ Հադիդը նշում է, որ Skyline-ը կոչված է բնակելի շինությունների ճգնաժամին լուծում տալուն, այլ ոչ միայն համաշխարհային ռեկորդ սահմանելուն։

Համալիրը ներառելու է 13,500 բնակարան։ Մեկ սենյականոց բնակարանի արժեքը կսկսվի $45,500-ից, իսկա երեք ննջասենյակ ունեցողինը՝ $117,140-ից։ Բնակիչները հնարավորություն կունենան օգտվելու 16 հեկտար տարածք զբաղեցնող այգուց, հեծանվի ճանապարհներից և աշխարհում ամենամեծ լողավազանից։ Տարածքում կգործեն նաև առևտրի կենտրոն, ռեստորաններ, սահադաշտ, ֆիթնես կենտրոն։

Ավելի քան 3000 եգիպտացի արդեն իսկ նախնական վճարումներ են կատարել շենքում բնակարան ձեռք բերելու համար։ Առաջին բնակիչները շենք մուտք կգործեն արդեն 2022 թվականին։

Եգիպտոսի մայրաքաղաքում՝ Կահիրեում, արդեն իսկ 21 միլիոն բնակիչ է հաշվվում, և նրանց թիվը տարեցտարի աճում է 500,000-ով։ Խնդրին լուծում տալու համար իշխանություններն արդեն սկսել են նոր քաղաք կառուցել, որը կդառնա Եգիպտոսի վարչական կենտրոնը։ Միաժամանակ բնակարանի գները կտրուկ նվազում են։