Մայրաքաղաքի քարե վկաները՝ Մխիթար Գոշ


11:34 , 12 հուլիս, 2013

Մտածող, հասարակական գործիչ, խոշորագույն օրենսդիր, առակագիր:
Ծնվել է Գանձակում: Մեծապես նպաստել է դպրոցի, մշակույթի զարգացմանը: 1184-ին գրել է հայոց առաջին աշխարհիկ օրենսգիրքը («Դատաստանագիրք»): Նախաձեռնել և կառուցել է Նոր Գետիկ վանական համալիրը (այժմ` Գոշավանք), որտեղ և կնքել է իր մահկանացուն: Գոշն իր առակների ժողովածուով (շուրջ 190 առակ) մեծ ներդրում է կատարել հայ մշակույթի պատմության մեջ: Առակի առավել կարևոր մասը` բուն նպատակը, բարոյախոսությունն է: Առակների մեկնությունը` առասպելավարժությունը միջին դարերում հայ դպրոցի պարտադիր առարկաներից էր: Գոշի համար ամենակարևորը կենտրոնացված միապետության գաղափարն էր, որն ընկած էր և՜ «Դատաստանագրքի» և՜ առակներից շատերի հիմքում:
Գոշի առակները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Առաջին անգամ, 1847թ., թարգմանվել է ֆրանսերեն:
Աշխարհաբար առաջին թարգմանությունը կատարել է Միրզաբեկյանը:
Որսի ժամանակ բազեի ճանկերից ազատվեց հավբալի ձագը, և բազեն ասաց. «Թող դա զոհ լինի Աստծուն»: Հավբալի ձագը ծաղրելով նրան` ասաց. «Ինչ որ ձեռքովդ ես տալիս, ա՜յն է զոհ»:
Խոյը եղջյուրներով շատ խփեց ծառին և թափվեցին եղջյուրները և սկսեց անիծել ծառին և նա պատասխան տալով ասաց. «Պատճառը քո մեջ է, ինչու՞ ես ինձ մեղադրում»: Մխիթար Գոշ:
Գոշի արձանը դրվել է 1967թ. Մատենադարանի մուտքի մոտ: Արձանի նյութը բազալտ է, բարձրությունը` 3,5 մ: 
Արձանի էսքիզը ընտրված է եղել մրցույթով 1953թ.: Մ. Գոշի արձանը դասվում է հայկական կոթողային արվեստի լավագույն նմուշների շարքին: 
Քանդակագործ` Հայաստանի Ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս Ղուկաս Չուբարյան (տես` Մ. Մաշտոցի արձանը)։