Իշխանությունը ձեռք է առնում ԵԽԽՎ-ին ու Վենետիկի հանձնաժողովի նախագահին


20:29 , 4 փետրվար, 2020

Pastinfo.am-ը գրում է.

«Երկու հայտարարություն ունենք, մեկը՝ ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը, մյուսը՝ իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը։ Ես կարծում եմ, որ 2 հայտարարություններն էլ ուղղված են իշխանությունններին եւ երկու հայտարարություններն ել իշխանությանը կոչ են պարունակում ՝տարբեր առումներով»,- ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՀ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հիշյալ կառույցների հայտարարություններին:

Ըստ Մարուքյանի, առաջինն այն է, որ վաղ կենսաթոշակի անցնելու համակարգի վերաբերյալ եղել են ռեկոմենդացիաներ եւ այդ ռեկոմենդացիաները պետք է պահպանվեն, իսկ երկրորդն այն լարմանն է վերաբերում, որն այսօր կա։

«Երկու հայտարարություններն էլ սխալ են մեկնաբանվել իշխանությունների կողմից, մեկնաբանվել են ի օգուտ իրենց։ Այսինքն, երբ ասում են՝ մենք ողջունում ենք այդ հայտարարությունը, դրանով ուզում են ծածկել մտահոգությունների այդ ամբողջ հատվածը: Դա թրոլինգ է։ Բարձր մակարդակով իշխանությունը թրոլինգի է ենթարկում ԵԽԽՎ համազեկուցողներին, այնուհետեւ Վենետիկի հանձնաժողովի նախագահին։ Այսինքն, այդ մարդկանց ուղղակի ձեռք են առնում»,-հայտարարեց Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը բացատրեց, թե ինչո՞ւ է իշխանությունը ձեռք առնում նշված կառույցներին.«Իշխանությունը ինքը լեգիտիմ իշխանություն է եւ որեւէ բանով կաշկանդված չէ, ցույց է տալիս, որ ես լեգիտիմ իշխանություն եմ եւ ես թքած ունեմ ձեր հայտարարությունների վրա, ես այդպես եմ ընկալում։ Նախկին իշխանությունները վախենում էին նման հայտարարություններից, փորձում էին ինչ-որ շտկումներ անել, այս իշխանությունները ուղղակի թրոլինգ են անում, ձեռք են առնում էս մարդկանց»,-ասաց Մարուքյանը:

Ըստ նրա, մեղավոր են նաեւ տվյալ կառույցները, որոնք հայտարարություններում հնարավորություն են թողնում տարբեր կերպ մեկնաբանելու։

Ըստ Մարուքյանի վերոնշյալ հայտարարություններով իշխանությանն ասվում է, որ դադարեցնեն գործողությունների շարանը, փունջը, որը լարվածություն է ստեղծում իշխանության երկու թեւերի միջեւ եւ եւ չի համապատասխանում նախկինում տրված ռեկոմենդացիաներին, մինչդեռ իշխանությունն այդ կոչը ուղղում է դեպի Հրայր Թովմասյանի կողմը։ Ըստ Մարուքյանի, այս հայտարարությունները վաղը կարող են զեկույցի վերածվել։

Մարուքյանը նաեւ ասաց, որ իշխանությունը շնորհք ունի՝ ցածր ռեյտինգով մեկին հերոս դարձնել։