Թուրքիան հայտարարել է սիրիացի 76 զինվորի մահվան մասին


05:30 , 4 փետրվար, 2020

Թուրքիան գնդակոծել է սիրիական զորքերը՝ Իդլիբ նահանգում իր զինվորականների վրա հարձակումից հետո: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հայտնում է NTV-ն:

«Չեզոքացվել են ռեժիմի (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի) 76 զինյալներ»,- հայտարարել է նա: Աքարի խոսքերով, զինծառայողների մահվան մասին հայտնել են տարածաշրջանում թուրքական աղբյուրները: Նա հավելել է, որ հարվածներ են հասցվել սիրիական բանակի 54 թիրախների:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անկարան Դամասկոսին խոստացել էր վրեժ լուծել հրետակոծության հետևանքով զոհված զինվորների համար. նրանք առնվազն չորսն են եղել: Թուրքիան պնդում է, որ հարձակման համար պատասխանատու են Բաշար Ասադի կառավարական զորքերը:

Հունվարի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Սիրիայում նոր ռազմական գործողություն իրականացնել, եթե սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակը արագորեն չլուծվի: Էրդողանը նաև մեղադրել է Դամասկոսին և Ռուսաստանին՝ հակամարտությունը չեզոքացնելու վերաբերյալ պայմանավորվածությունները խախտելու մեջ: