Մակունցի «կոլխոզսովխոզային» Հայաստանը


01:21 , 4 փետրվար, 2020

Փետրվարի 3-ին ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կրկին աչքի ընկավ ոչ միայն իրեն բնորոշ անհոդաբաշխ և տկարամիտ մտքերով, այլև իր ղեկավարից վարակված ժողովրդի անունից բաներ խոսելու ախտով։

«Չեմ կարող պնդել՝ բոլոր քաղաքացիները, բայց ՀՀ քաղաքացիները մեր առջև ՍԴ ճգնաժամը լուծելու պահանջը դնում են»,- հայտարարել է տիկին Մակունցը։

Նախ՝ լավ կլիներ՝ տիկինը բացատրեր, թե ՀՀ քաղաքացիներն ինչո՞վ են տարբերվում բոլոր քաղաքացիներից։
Հետաքրքիր է, թե ո՞ր ճգնաժամի մասին է խոսում քայլիստկա Լիլիթը՝ ա՞յն, որ հենց իրենք՝ քայլիստներն էլ սանձազերծել են և հիմա ոչ միայն շինծու խնդիրներ են ստեղծում երկրի ներսում, այլև միջազգային կազմակերպություններին են հրահրում հակահայկական հայտարարություններով հանդես գալու։ Կամ ո՞վ է իրեն թույլ տվել խոսել բոլոր քաղաքացիների անունից։ Ես ինքս Հայաստանի քաղաքացի եմ և չեմ ցանկանում, որ նա կամ իր կուսակից ընկերներն իմ անունից բաներ խոսեն։ Ի դեպ, ինձ նման հազարավոր ՀՀ քաղաքացիների գիտեմ, ովքեր ևս չեն ցանկանում, որ Լիլիթ Մակունցն իրենց անունից դեմագոգիա և կեղծիքներ տարածի։

Տիկին Մակունցի մոտ լրիվ «կոլխոզսովխոզային» վիճակ է։ Խորհրդային առաջնորդներն էլ իրենզ զոռբայությունն առաջ էին տանում իբրև թե բանվոր-գյուղացիների շահերը բարձրաձայնելով՝ թքած ունենալով մյուսների կարծիքի վրա։

Տեսնես ինչո՞ւ, երբ Փաշինյանն ու նրա չտես թիմը եկան իշխանության, վերջիններս ժողովրդին ոչ միայն չհարցրին, այլև գաղտնի էին պահում, որ կրկնապատկել են իրենց և բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, միլիոնավոր պարգևավճարներ են ստանում և այլն։

Հ.Գ. Տիկին Մակունցին և նրա թիմակիցներին խորհուրդ կտամ այսուհետ սեփական ապօրնություններն իրականացնելիս չթաքնվել ժողովրդի թիկունքում։ Ամո՛թ է։