«Թավշյա» Հայաստանում առկա երկակի ստանդարտները


20:30 , 3 փետրվար, 2020

Ներկայումս, Հայաստանում գոյություն ունեն հիմնականում քաղաքական գործընթացների երկու տեսակի ընկալումներ։ Այդ երկու իրականությունները ծայրահեղ անընդունելի են դարձել միմյանց համար։ Մի կողմը պայմանականորեն կարծում է, որ ամեն բան շատ լավ է, իսկ մյուսը` <<սատանային մանրուքների մեջ փնտրելով>>, ձգտում մատնանշել սխալներն ու կեղծիքները, սուտը։

Հասարակության մի զգալի զանգված, որն իրեն <<հեղափոխության>> կրող է համարում` կարծում է, որ Հայաստանի բաց երկնքի տակ միայն ինքը պետք է ապրի, այլ ոչ <<նախկին>>, և ոչ մի այլակարծություն ունեցող։ Մեր այդ հայրենակցի կարծիքով` օրենքը միայն նախկիններին դատելու և պատասխանատվության ենթարկելու համար է, ոստիկանությունն ու ԱԱԾ֊ն փաստացի, առաջին հերթին այլախոհներին ճնշելու, ընկճելու, <<թաթիկները կտրելու>>, <<ասֆալտին պառկեցնելու>>, <<պատերին ծեփելու>> և այլ <<թավշյա>> պրոցեդուրաներ իրականացնելու համար են։

Իսկ ի՞նչն է արդեն իսկ կերպարանք ստացած` այսչափ մեծ թշնամանքի և ատելության պատճառը։ Կարծում եմ, պատճառը այլակարծությունը մերժողների մեջ է։ Երբ տանը` համակարգչի առջև նստած, այլախոհությունն են փորձում սպանել` իրենց լկտի ու անքաղաքակիրթ, սնանկ բառապաշարով։ Երբ իրենցից շատերը պատրաստ են պաշտամունքի առարկա դարձրած վարչապետի <<ոտքերը լվալ, ջուրը խմել>>, ապա դժվար թե ունակ լինեն հասկանալ, որ այլակարծությունն ու առհասարակ ընդդիմության գոյությունը ժողովրդավարության հնարավորության, կայացման, զարգացման կարևորագույն գրավականն են, այլ ոչ թե հայ ազգի թշնամին։

Պետք է հասկանալ մի պարզ իրողություն, որ մեր երկրում ապրող ցանկացած քաղաքացի կարող է ունենալ իր անձնական, սուբյեկտիվ, նույնիսկ սխալ կարծիքը` տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ։ <<Հեղափոխությամբ ծնված>> մի քանի տհաս մարդանմաններ չեն կարող վիճարկել մարդու հիմնարար ազատություններից մեկի, և դրանից բխող խոսքի ազատության սահմանադրական իրավունքը։

Հայաստանում տեղի ունեցող որոշ անընդունելի դարձած գործընթացներ, ցավոք սրտի, կարելի է դիտարկել այս կոնտեքստի մեջ: Օրինակ, երբ Երևանի սրտում գտնվող` <<Էրեբունի Պլազա>> բիզնես կենտրոն է ներխուժում ու կրակոցներ արձակում զինված անձը, փաստացի ահաբեկիչը, նրան առանց ձեռնաշղթաների, անձամբ ՀՀ ոստիկանապետի ԺՊ֊ն է ուղեկցում իր ծառայողական մեքենայով` իր իսկ անվտանգությունը չապահովելով, նույնիսկ վերջինիս առջև դուռը բացելով։ Իսկ երբ ընդդիմադիր համարվող անձանց բերման են ենթարկում` թմրանյութ, ապօրինի զենք պահելու անհեթեթ կասկածանքներով, ապա ուժ են գործադրում` կոպտորեն ասֆալտին պառկեցնելով։

Դա դեռ բավարար չէ, որոշ <<պատի ծակից դուրս եկած>>, բավականին բարձր պաշտոնեական դիրք զբաղեցնող գործիչներ` հայտարարություններ են տարածում առ այն, թե իբր դա հանրային պահանջ է։ Շատ կուզեինք իմանալ, թե ո՞վ է այդ <<հանրությունը>>, ովքե՞ր են դրա մաս կազմում, և արդյո՞ք մի <<գեղեցիկ օր>>, օրինակ` գնդակահարությունների պահանջ այն չի ներկայացնելու։

Երբ անազատության մեջ գտնվող նախագահի աջակիցները դատավորին բառացի հարցնում են, թե արդյո՞ք, նա նույնպես դասվում է վարչապետի կողմից հնչեցված <<վնգստացող դատավորների>> շարքին, ապա նրանց վիճարկելի կոպտությամբ` ձերբակալում են, կալանավորում։ Ցավոք հայտնի է, որ սա նույնպես դրական արձագանք է ստանում հասարակության զգալի մասի շրջանում, քանի որ ենթադրում եմ, որ կալանավորված պաշտոնյայի մասին տարիների ընթացքում ձևավորված պատկերացումներն ու կարծիքները, հանրության ենթագիտակցության մեջ` մեղմ ասած բացասական են։ Չհիշատակեմ` նույն սցենարի ու տրամաբանության մեջ տեղավորվող խայտառակ <<կոնսերվա>> օպերացիան։

Երբ Ազատության հրապարակից որոշ անձինք հայտարարում են, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը <<ցխել կտան>> Արցախում` ոչինչ տեղի չի ունենում իրենց հետ։ Իսկ, երբ <<Ադեկվադ>> միաբանության անդամ Արթուր Դանիելյանը հայտարարում է, որ վաղը մենք, հնարավոր է կոչով հանդես գանք, որպեսզի Նիկոլ Փաշինյանի գլուխը <<սխկեն>>, այդ դեպքում համապատասխան արարողակարգային գործողություններից հետո` ոստիկանները ձեռնաշղթաներով ուղեկցում են բաժին։ Պատճառը կարծես անվիճարկելի է` մի կողմն իշխանամետ է, իսկ մյուսը ընդդիմադիր։ Ինչպես փաստերն են ճչում, ով քարեր չի նետում գործող իշխանության ուղղությամբ` արտոնյալ է:

Երբ մի քանի տասնյակ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ցուցարարների համար հնարավոր էր Երևան քաղաքի կենտրոն համարվող Ֆրանսիայի հրապարակն օրեր շարունակ մի քանի աղբարկղ֊նստարանով փակ պահելը, իսկ սուպերնախարարության պարագլուխ հանդիսացող մինիստրին հիմնավորված հարցեր ներկայացնող երիտասարդների, առողջապահության ոլորտի վաղուց արդեն ու մեղմ ասած խնդրահարույց օրակարգը, օպտիմիզացիայի արդյունքում դե ֆակտո չեղարկված գյուղնախարարության գործառույթներն իրականացնող անասնապահների արդարացի բողոքները` անվերապահորեն ճնշվեցին ՀՀ իշխանության կողմից։

Սույնով հայտնում եմ, որ նմանատիպ մեթոդաբանությամբ տևական, շարունակական այսպես կոչված աշխատանքի արդյունքում` հիմքում ունենալով տխրահռչակ երկակի ստանդարտները, շուտով հասարակության գերակշռող մասի ընկալման մեջ` աստվածաշնչյան <<սևերը կդառնան սպիտակ, սպիտակները սև>>։ Այդ ժամանակ, և թող դրանք չլինեն վերջին ժամանակները, իրոք որ ժողովուրդը կհասկանա, թե որտեղից և ուր հասավ` մեզ բոլորիս բաժին հասած Հայրենիքը...