Բերմուդյան եռանկյունում 100 տարի առաջ խորտակված նավ է հայտնաբերվել


20:00 , 30 հունվար, 2020

Փորձագետների խումբը հայտնաբերել է 1925 թվականին Բերմուդյան եռանկյունում անհետացած առեւտրային նավը: Այս մասին հայտնում է Fox News-ը:

Նշվում է, որ 1925 թվականի նոյեմբերի 29-ին շոգենավը դուրս է եկել Չառլսթոնի նավահանգստից (Հարավային Կարոլինայի նահանգ) եւ ուղեւորվել դեպի Կուբա, բայց այդպես էլ նշանակման վայր չի հասել։ Նավի 32 ուղեւորների մարմինները նույնպես չեն գտնվել։

Ստորջրյա հետազոտողների եւ ծովային հնագետների խումբը 2020 թվականին նավը հայտնաբերել է Սենթ Օգասթինի (Ֆլորիդայի նահանգ) ափից 65 կիլոմետր հեռավորության վրա։

2018 թվականին Սաութհեմփթոնի համալսարանի հետազոտողները հայտարարել էին, որ պարզել են Բերմուդյան եռանկյունում նավերի անհետացման գաղտնիքը։ Գիտնականները հավաստիացնում են, որ նավերի զանգվածային կործանման պատճառը այս վայրում օվկիանոսային բարձր «մարդասպան ալիքներն» են։ Հետազոտողների կարծիքով՝ այդ ալիքները կարող են առաջանալ անսպասելի եւ ունենալ կործանարար ուժ, ինչի հետեւանքով անգամ ամենամեծ նավերը կարող են խորտակվել։