Մաքսազերծ առցանց առևտրի շեմը կարող է նվազել մինչև 100 եվրո. Հարցը կքննարկվի ԵՄԽ նիստում


13:19 , 30 հունվար, 2020

PanARMENIAN.Net-ը գրում է.

2020-ի հուլիսի 1-ից արտերկրի ինտերնետ խանութներից ԵՏՄ երկրներ ծանրոցների մաքսազերծ ներկրման շեմը կարող է նվազել մինչև 100 եվրո: Այդ հարցը ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկելու են հունվարի 31-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽ) նիստում, գրում է Trans.ru-ն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին Ալմաթիում կմասնակցի ԵՄԽ հերթական նիստին:

Հունվարի 1-ից առանց մաքսազերծման ապրանքների ներկրման շեմն արդեն իսկ նվազել է 500-ից մինչև 200 եվրո: Քաշի նորմերը նույնն են՝ 31 կգ, իսկ տուրքը լիմիտի գերազանցման դեպքում նվազել է՝ 30%-ից մինչև 15%: Բացի այդ, այժմ այն կիրառվում է ոչ թե 1 ամսում ներկրված ապրանքի ամբողջ արժեքի, այլ յուրաքանչյուր ծանրոցի համար առանձին: