Ինչպես սոցիալական ցանցը փրկեց զբոսաշրջիկներին, որոնց կյանքը մազից էր կախված Նորվեգիայում


21:00 , 29 հունվար, 2020

Պարզվում է՝ աշխարհում մեծ տարածում ունեցող Tinder հավելվածը կարող է փրկել ոչ միայն անձնական, այլև ֆիզիկական կյանքեր։ Սա սեփական օրինակով ապացուցել են զբոսաշրջիկները, որոնք հայտնվել էին Նորվեգիայի լեռների սառցե թակարդի մեջ։ Նրանց կյանքը մազից էր կախված, և նրանց օգնել կարողացավ միայն օնլայն ծանոթությունների համար նախատեսված կայքը։

Լոնիա Հեգերը ընկերների հետ միասին ավտոմեքենայով ճանապարհորդում էր Նորվեգիայի քաղաքակրթությունից մեկուսացված շրջաններում։ Ձմեռային երեկոներից մեկի ժամանակ, երբ զբոսաշրջիկները գնում էին լեռնային վտանգավոր արահետով, սառցե անձրև սկսեց տեղալ, որն արահետը վերածեց մահացու սահադաշտի։

Չհամարձակվելով շարունակել տեղաշարժումը՝ Հեգերը ուղեկիցների հետ կանգ առավ հենց անդունդի եզրին։ Ընկերները վախենում էին, որ մթության մեջ նրանց ավտոմեքենային մեկ այլ ավտոմեքենա կհարվածի և իրենք կհայտնվեն անդունդում, սակայն ուրիշ տարբերակ չունեին։ Ժամանակի ընթացքում սառցե անձրևը վերածվեց ուժեղ ձյան և ծածկեց ողջ ճանապարհը։

Ամենամոտ բնակեցված վայրը, որտեղ հնարավոր կլիներ պրոֆեսիոնալ տեխնիկական օգնություն ստանալ, գտնվում էր գտնվելու վայրից 200 կմ հեռավորության վրա, իսկ բոլոր ծանոթները, որոնց կարող էին դիմել, շատ հեռու էին։ Այդ իսկ պատճառով երիտասարդները որոշեցին դիմել համացանցի օգնությանը։

Զբոսաշրջիկները ծանոթությունների համար նախատեսված Tinder կայքում Լոնիա Հեգերի համար հաշիվ ստեղծեցին՝ հույս ունենալով, որ ինչ-որ մեկը դրա միջոցով աղջկան օգնության կհասնի։ Նրանց պլանն աշխատեց ամբողջությամբ. ընդամենը 5 րոպե անց աղջիկը ծանոթացավ մոտակայքում բնակվող Սթիան Լաուլյուտենի հետ, ով էլ օգնության հասավ խմբին։

Երիտասարդների ախտը կրկնակի բերեց, քանի որ Սթիանը, պարզվեց, շինարար է, և ուներ բուլդոզեր։ Ընդամենը 15 րոպե անց տղան դեպքի վայր հասավ և ավտոմեքենայի համար մաքրեց ճանապարհը։ Նոր ծանոթը երիտասարդներին ուղեկցեց մինչև մոտակա ավտոկայանատեղին, որտեղ նրանք ապահով գիշեր անցկացին։ Առավոտյան Սթիանը հատուկ անվադողեր բերեց, որոնց օգնությամբ խումբը կարողացավ առանց որևէ խնդրի շարունակել իր ճամփորդությունը։