Միջազգային գիտնականներն անդրադարձել են հայերի ծագումնաբանությանը. ե՞րբ և որտե՞ղ է ծագել մեր ազգը


20:30 , 29 հունվար, 2020

Ժամանակակից հայերի ծագումնաբանությունն անգլիական Քեմբրիջում ուսումնասիրել են Սանգերի համալսարանի հայտնի գենետիկ Քրիս Թայլեր-Սմիթն ու գործընկերներն իրենց «Գենաբանություն» նախագծի շրջանակներում։

Հրատարակումից առաջ գիտական տվյալները հասանելի են եղել bioRxiv կենսաբանական էլեկտրոնային գրադարանում։ Նախնական ուսումնասիրության ենթարկելով Հայաստանում և Լիբանանում բնակվող 173 հայի գեները և համեմատելով դրանք աշխարհի տարբեր ծայրերում բնակվող 78 այլ ազգերի ներկայացուցիչների հետ՝ հեղինակները եկել են եզրահանգման, որ ժամանակակից հայերը այն հնագույն ազգերի խառնուրդն են, որոնց հետնորդներն այժմ ապրում են Սարդինիայում, Կենտրոնական Ասիայում և մի քանի այլ շրջաններում։

Ազգերի միաձուլումը տեղի է ունեցել մ.թ.ա. 3000-2000 թթ., ինչն ամբողջովին համընկնում է 5-րդ դարի հայ նշանավոր պատմիչ Մովսես Խորենացու գրառումների հետ, որտեղ Հայկի կողմից հայկական պետության հիմնադրման տարեթիվ է համարվում մ.թ.ա. 2492 թվականը։

Իսկ համաձայն Միքայել Չամչյանի «Ժամանակագրական աղյուսակի»՝ Հայկը Հայաստանը հիմնել է մ.թ.ա. 2107 թ.։ Պատմականորեն այս իրադարձությունը համընկնում է Աքքադի անկման հետ՝ մ.թ.ա. 2115 թ., երբ Հայկը կարող էր մնալ «իր ընտանիքի ավելի քան 300 անդամի հետ», ինչպես ասվում է առասպելում։

Պատմական միաձուլման գործընթացն ավարտվել է Բրոնզե դարում, երբ առևտրի զարգացման, պատերազմների ու պոպուլյացիոն աճի արդյունքում մարդիկ սկսեցին տեղափոխվել։ Մ.թ.ա. 1200 թվականից հետո Բրոնզե դարի արևելա-միջերկրածովյան քաղաքակրթություններն անկում ապրեցին, և դրա հետևանքներից մեկն էլ, ամենայն հավանականությամբ, դարձավ հայերի մեկուսացումն այլ ազգերից։ Ուսումնասիրության հեղինակ գենետիկները պնդում են, որ, դատելով ժամանակակից գեների հետազոտումից, այն ժամանակվանից ի վեր հայերի ու մյուս ազգերի միջև միաձուլում տեղի չի ունեցել։

Ինչպես հայտնում է New York Times-ի հեղինակը, հնարավոր է, որ մեկուսացումը պայմանավորված լինի հայկական մշակույթի մի շարք առանձնահատկություններով. հայերն ունեցել են սեփական այբուբենն ու լեզուն, առաքելական եկեղեցին քրիստոնեության առաջին ու հիմնական ճյուղն է եղել, հայերն առաջինն են քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն 301 թ.։

Թայլեր Սմիթի ուսումնասիրության մեջ վեր են հանված նաև գենետիկական անհամապատասխանություններ, որոնք գոյություն են ունեցել 500 տարի առաջ արևմտահայերի ու արևելահայերի միջև։ Այդ ժամանակ պատերազմներ էին ընթանում Օսմանյան և Սեֆյան դինաստիաների միջև, որոնց հետևանքով հայերը բաժանվեցին երկու մասի։ Հեղինակները նշում են նաև, որ հայերի նախնիների գծերը 29%-ով համընկնում են ալպիական Օտցի մումիայի գենային գծերին, որը սառեցվել է 5300 տարի առաջ։