Հրեշավոր կարգեր Սյունիքում


17:30 , 11 հուլիս, 2013

Lragir.am-ը գրում է.

Արտակ եւ Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլը, ԳԱԼԱ հեռուստաընկերությանը պատմել է, որ իր որդիները Սուրիկ Խաչատրյանի տան մոտ են գնացել նրա հրավերով: «Իրենք են կանչել, ինչպես անում են սովորաբար, կանչում են տուն, ծեծում են ու ճանապարհում», պատմել է հայրը, հավելելով, որ այդպես են վարվել շատ ղեկավարների հետ:

Վերջին բացահայտումների ֆոնին նույնիսկ, Էմիլ Բուդաղյանի այս խոսքը հրեշավոր պատկեր է պարզում: Ի՞նչ է ընդհանրապես կատարվում Հայաստանում, հատկապես մարզերում: Արդյոք իսկապես կարող են հրավիրել մարդկանց, նվաստացնել, ծեծել եւ ուղարկել տուն:

Եւ ամենակարեւորը՝ քանի տարի պետք է անցնի, որպեսզի ինչ որ մեկը համարձակվի գնալ մարզպետի տան մոտ եւ փորձի պաշտպանել սեփական արժանապատվությունը: Նրանք շատ լավ գիտեն, որ երբեւէ նրանց հետեւից կգան, այդ պատճառով էլ ինքզինքը շրջապատում են թիկնապահներով, տանը զենքի պահեստ են պահում եւ կրակում նրանց վրա, ում կասկածում են:

Սյունիքի ողբերգությունը կարծես դարձել է պետական եւ ՏԻՄ մարմիններում ոչ պաշտոնական, անդրկուլիսային հարաբերությունների դժոխքի դարպասը: Այն բացում է նորանոր մանրամասներ հրեշավոր ապրելակերպի վերաբերյալ, որը վարում են նրանք, ովքեր հեռուտաէկրաններին են հայտնվում կեդալներով եւ դեմքի անմեղ արտահայտությամբ:

Սուրիկ Խաչատրյանի վստահությունը, որ իր ընկերներն իրեն չեն լքի դժբախտության պահին, խոսում է կամ այն մասին, որ ընկերները խոստացել են օգնել, կամ էլ այն մասին, որ նա հասկացել է՝ իր պաշտոնական կերպարը կոտրվել է վերջնականապես, եւ հայտնվել է վախեցնող կերպարը՝ լի մեղքերով, վախով եւ հուսահատությամբ:

Իշխանությունն, իհարկե, կարող է ասել, որ արդեն բավականաչափ պատժել են Սուրիկ Խաչատրյանին՝ ազատել են աշխատանքից, որդին բանտում է, տանը զենք են հայտնաբերել:

Սակայն, ո՞վ պետք է պատասխան տա հազարավոր մարդկանց նվաստացման եւ արժանապատվության ոտնահարման համար, որոնք հպարտ Զանգեզուրում տարիներով ապրում են վախի մեջ, հասկանալով, որ իրենց ամեն պահի կարող են կանչել մարզպետի տուն, ծեծել եւ տուն ուղարկել: Ո՞վ է ընդհանրապես պատասխանատու արժանապատվության համար: