Զինվորները դիրքերում լոգանք կընդունեն, մոտ ժամանակներս ջրամատակարարման խնդիր չի լինի. Արծրուն Հովհաննիսյան (Video)


19:41 , 28 հունվար, 2020

Factor.am-ը գրում է.

Մեր սպայական կազմը դարձել է ավելի պրոֆեսիոնալ, ավելի կրթված, փոխվել է մեր պատրաստվածության աստիճանը, որը բխում է գրագետ հրամանատարական կազմից: Այս մասին Factor TV-ի եթերում հայտարարել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է նաև ՍՈւ-30-ների ձեռքբերմանը և նշել, որ առաջիկայում Հայաստան կբերվի նոր խմբաքանակ. «Պարզ էր, որ մենք չորս-հինգ ինքնաթիռներով չենք բավարարվելու: Ամեն տարի, օրինակ, ձեռք են բերվում հարյուր միավոր ավտոտեխնիկա, կապի համակարգեր, հրաձգային զենքեր»:

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադառնալով այն կարծիքներին, որ առաջնագծում շարքայինների փոխարեն պետք է ծառայեն պայմանագրային զինծառայողները, ասաց. «Դա բարդ և չհիմնավորված առաջարկ է, շատ ականջահաճո հայտարարություն է: Եթե դրա տակ կա քաղաքական ենթատեքստ… հեռուստացույցով հայտարարել, որ ճիշտ է ժամկետայիններին առաջնագծից ընդհանրապես հանելը: Դրա տակ ի՞նչ հաշվարկ է դրված, դժվար է ասել: Սխալ է ժամկետային զինծառայողներին առաջնագծից հանելը»:

Նախորդ տարվա առաջին կեսին բանակում մահացությունների ընդհանուր թիվը եղել է 31, որից միայն երկուսն են, որ հակառակորդի գործողությունների արդյունքում է:

Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ եթե Ադրբեջանի հետ խնդիրներ չունենանք, բանակում մահվան դեպքեր դարձյալ ունենալու ենք. «Դժվար է ասել, եթե մենք չունենանք Ադրբեջանի հետ խնդիր մեզ մոտ մահեր կգրանցվեն, թե՝ ոչ: Եթե այդ մահը հակառակորդի ուղիղ ազդեցությունից չէ, ապա չի նշանակում, որ հակառակորդն ազդեցություն չունի մահերի վրա»:

Արծրուն Հովհաննիսյանը նաև տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս դիրքերում լուծվելու է ջրամատակարարման խնդիրը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: