Փարիզում կհայտնվի Ջոննի Հոլիդեյի անվան հրապարակ


09:14 , 27 հունվար, 2020

168.am-ը գրում է.

Փարիզի իշխանութուններն առաջարկել են քաղաքի 12-րդ օկրուգի հրապարակն անվանել ֆրանսիացի հայտնի ռոք-երաժիշտ Ջոննի Հոլիդեյի (1943-2017 թթ.) պատվին: Խոսքը վերաբերում է էսպլանադային, որը գտնվում է AccorHotels Arena մարզահամերգային համալիրի մերձակայքում, որտեղ արտիստը ելույթ է ունեցել ավելի քան հարյուր անգամ:

Հոլիդեյի ընտանիքն արդեն տվել է իր համաձայնությունը: Այժմ, ինչպես հայտնել են Փարիզի քաղաքապետարանի մամուլի ծառայությունում, համապատասխան առաջարկությունը պետք է փետրվարի 3-ին քվեարկության դրվի մայրաքաղաքի մունիցիպալ խորհրդում:

«Մեզ համար բնական է՝ Ջոննի Հոլիդեյի պատվին անվանել այն հրապարակը, որը գտնվում է համերգասրահի հարեւանությամբ, որի բեմում կատարողը հանդես է եկել 101 անգամ, որոնցից 73-ը՝ որպես մենակատար»,-ասել է Փարիզի քաղաքագլխի առաջին տեղակալ Էմանուել Գրեգուարը: «Արտիստի ստեղծագործության երկրպագուների ընկերությունում նրա անունն ասոցացվում է հենց այդ համալիրի հետ»,-նշել է նա:-Փոխքաղաքապետը հիշեցրել է, որ «2013 թվականին այդ դահլիճում Հոլիդեյի 70-ամյակին նվիրված համերգի բոլոր տոմսերը վաճառվել էին դրանք վաճառքի հանելու պահից երկու ժամվա ընթացքում»:

Գրեգուարը նաեւ հայտնել է, որ քաղաքապետարանը նաեւ քննարկում է այդ հրապարակում Հոլիդեյի արձանը տեղադրելու հարցը: Նա նշել է, որ հուշարձանը կհայտնվի միայն արտիստի ազգականների համաձայնությամբ:

Անցյալ տարվա հունիսին Թուլուզի քաղաքային հրապարակներից մեկը կոչվել է Ջոննի Հոլիդեյի անվամբ: Դրանից մեկ տարի առաջ Վիվիե քաղաքում բացվել է երաժիշտի երեքմետրանոց արձանը, որն ստեղծել էր քանդակագործ Դանիել Ժորժը՝ արտիստի երկրպագուների կողմից հանգանակված միջոցներով:

Երաժիշտը ծնվել է 1943 թվականի հունիսի 15-ին Փարիզում: Իր երկարամյա կարիերայի ընթացքում Հոլիդեյը ձայնագրել է ավելի քան հազար երգ, ստեղծել մոտավորապես հարյուր կոմպոզիցիա, որոնցից լավագույնները տեղ են գտել ֆրանսիական փոփ-երաժշտության «ոսկե ֆոնդում»: Նրա սկավառակներն աշխարհում վաճառվել են 110 մլն օրինակով: Կյանքի վերջին տարիներին Հոլիդեյը պայքարում էր ծանր հիվանդության դեմ, բայց շարունակում էր ակտիվորեն աշխատել նոր երգերի վրա եւ հանդես էր գալիս համերգներով:

Ջոննի Հոլիդեյը մահացել է 2017 թվականի լույս դեկտեմբերի 6-ի գիշերը երկարատեւ ծանր հիվանդությունից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: