Նիկոլը չի ուզում պատասխանատվություն վերցնել Արցախյան կարգավորման համար


14:24 , 25 հունվար, 2020

Նիկոլ Փաշինյանի ասուլիսին Արցախի հարցով իբր գաղտնազերծած բանակցային ժառանգության նմանօրինակ մատուցումը վկայում է մի կարևոր ու վտանգավոր երևույթի մասին՝ Նիկոլը չի ուզում պատասխանատվություն վերցնել Արցախյան կարգավորման համար:

Նա այնքան է վախենում, որ, անգամ փաստաթղթի նախագիծը մեջբերելով, հղում է անում մամուլում հրապարակված տարբերակին, թեպետ բանակցային ամբողջական փաթեթը պաշտոնական նամակագրությամբ իր ձեռքի տակ է:

Սերժ Սարգսյանի օրոք բանակցված փաթեթի մեխը Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն է՝

Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկությանը դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։

1. Եղե՞լ է արդյոք Հայաստանում որևէ ղեկավար, որը չի խոսել խնդրի կարգավորման փոխզիջումային լուծման մասին:

2. Ո՞ւմ բանակցային ժառանգությունն է ամրագրում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը:

3. Ի՞նչ փաստաթղթի շուրջ է այսօր բանակցում Նիկոլ Փաշինյանը:

Թող պատասխանի այս հարցերին, եթե այդքան խիզախություն կունենա:

Մեզ հանդգնում է մեղադրել մի մարդ, ով հպարտանում է իր այն թեզով, որ խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար:

Ինչպես ինքն է խոստովանել, վերջերս մի նեղ շրջապատում Նիկոլ Փաշինյանն Արցախյան բանակցությունների ժամանակ իր անհեթեթ պահվածքը սվաղելու համար երբեմն ստիպված է ինքն իրեն գժի տեղ դնել (մեջբերումս բառացի է):

Հիմա ո՞ւմ ես գժի տեղ դնում՝ քե՞զ, մե՞զ, թե՞ ժողովրդին:

Հ.Գ. Պոպուլիզմը կործանելու է Հայաստանն ու Արցախը: