Վարձու աշխատող ուսանողների ուսման վարձը կարող է փոխհատուցվել եկամտահարկով. «Փաստ»


09:34 , 25 հունվար, 2020

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը, որով նախատեսվում է աշխատող ուսանողների ուսման վարձի փոխհատուցում:

Ըստ նախագծի, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող վարձու աշխատողի ուսման վարձը կարող է փոխհատուցվել եկամտահարկի վերադարձի տեսքով:

Շատերի կարծիքով, սա իսկապես դրական նախաձեռնություն է, ինչն առաջացրել է նաև աշխատող ուսանողների ոգևորությունը:

Սակայն, ինչպես և երևում է նախագծից, փոփոխությունը մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող բոլոր ուսանողներին չի վերաբերելու:

Օրենքն ամբողջությամբ ընդունելուց հետո կառավարությունը կհաստատի համապատասխան մասնագիտությունների ցանկը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այդ ցանկն առանձնապես մեծ չի լինելու:

Մեր աղբյուրի պնդմամբ, նախնական դիրքորոշումն այնպիսին է, որ առավելություն տրվի տեխնիկական, հատկապես բարձր տեխնոլոգիական մասնագիտություններին:

Ըստ նույն տեղեկությունների, իշխանությունները ցանկանում են այսպիսով իրականացնել «պիլոտային» ծրագիր, որի արդյունքների հիման վրա էլ հետագայում կկայացվի որոշում՝ մասնագիտությունների ցանկն ընդլայնել, թե ոչ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: