Ջեսիկա Սիմփսոնն իրեն սեռական բռնության զոհ է անվանել


06:43 , 25 հունվար, 2020

Ամերիկացի երգչուհի Ջեսիկա Սիմփսոնն իր հուշերում խոստովանել է, որ վաղ մանկության տարիներին սեռական բռնության զոհ է դարձել: Գրքից մի հատված հրատարակել է People պարբերականը:

Սիմփսոնը նկարագրել է վեց տարեկան հասակում նրա հետ  պատահած միջադեպը: Այդ ժամանակ նա նույն ննջասենյակում է գտնվել իրենց բարեկամի դստեր հետ: «Նա սկսեց խուտուտ տալ մեջքս, այնուհետև սկսեց անել այնպիսի բաներ, որոնք ինձ համար շատ տհաճ էին,- գրել է երգչուհին:- Ես ուզում էի ամեն ինչ պատմել ծնողներիս: Ես զոհ էի, բայց ինձ թվում էր, որ ինչ-որ վատ բան եմ արել»:

Երգչուհին կատարվածի մասին ծնողներին պատմել է միայն վեց տարի անց: Մայրը բղավել է՝ դիմելով ամուսնուն. «Ես քեզ ասում էի չէ, որ ինչ-որ բան է պատահել»: «Հայրս նայում էր ճանապարհին և ոչինչ չէր ասում,- պատմում է Սիմփսոնը:- Մենք այլևս կանգ չէինք առնում նրա ընկերոջ տանը, բայց և չէինք քննարկում այդ միջադեպը»:

Երգչուհին խոստովանել է, որ երկար ժամանակ չի կարողացել հաղթահարել մանկության այդ տրավման: «Ես սպանում էի ինձ ալկոհոլով և հաբերով»,- նշել է նա:

Դերասանուհին ալկոհոլային կախվածությունից ազատվել է 2017-ի նոյեմբերին, երբ հասկացել է, որ անդառնալի վնաս է հասցնում առողջությանը: