Մենք ոչ թե վախենում, այլ հակառակը՝ խնդրում ենք, որ մրցույթ հայտարարեն, իսկ մեզ շանտաժների մեջ մեղադրող ԿԳՄՍ նախարարը թող մտածի՝ ինքն աշխատելու է, թե ոչ. Կարեն Վարդանյան (Video)


22:01 , 24 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Մենք ոչ թե փախչում ենք մրցույթից կամ վախենում ենք, այլ հակառակը՝ խնդրում ենք՝ մրցույթ հայտարարեք: Երկրորդ՝ պահանջում ենք հետաքննել ստեղծված իրավիճակը և պարզել՝ ԵՄ-ԿԳՄՍ նախարարություն-«Թումո» եռյակի կողմից եղել է՞ կոռուպցիոն գործարք, ինչի պատճառով 2020թ. բյուջեով գումար չի նախատեսվում «Արմաթ» լաբորատորիաների ներդրմանը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ 2019թ. հուլիսի 4-ի՝ ՀՀ կառավարության նիստին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ 2020թ. հանրակրթական դպրոցներում տեղադրվելու է 650 «Արմաթ» լաբորատորիա:

«Դեկտեմբերի 30-ին նամակ եմ ստանում, որ լաբորատորիաների ներդրման հարցը կքննարկվի 2021թ. բյուջեի շրջանակում: Դրա համար մենք խնդիրը բարձրաձայնեցինք և ասացինք, որ նախարարության ներսում նկատում ենք սաբոտաժային երևույթներ»,- ասաց նա:

Կարեն Վարդանյանը նշում է, որ այս տարվա ընթացքում 650 լաբորատորիաների ներդրումն իրականացնելու համար պետք է առնվազն հունվար-փետրվար ամիսներին մրցույթը հայտարարվի:

«Մեզ մեղադրում են, որ ուզում ենք միանձնյա անել, բայց մենք ուզում ենք այս տարի ավարտել, որովհետև Հայաստանն առաջնային խնդիր ունի՝ հաղթելու համաշխարհային մրցավազքում: Երբ մենք մեկ տարի ուշացնում ենք, մեկ այլ երկիր դա անում է, մենք հետ ենք մնում: Հիմա մենք պահանջում ենք՝ հունվար, ամենաուշը փետրվարին մրցույթ հայտարարեն: Մենք մրցույթից չենք վախենում, այլ հակառակը՝ խնդրում ենք, մրցույթ հայտարարեք»,- նշեց նա:

2020թ. բյուջեում նոր լաբորատորիաների ստեղծման համար գումար չհատկացնելու հարցում Կարեն Վարդանյանը տեսնում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շահագրգռվածությունը: Նրա խոսքով նախարար Հարությունյանը ««Թումոյի» հետ գործարք մեջ է» և ցանկանում է շարունակել կենտրոնի հետ համագործակցությունը:

««Գործարքի մեջ են «Թումոյի» հետ, և քանի որ «Թումոն» պատրաստ չէ 2020թ. մրցույթին՝ ուզում են, որ նրանք հաղթեն մրցույթը, այս տարվա բյուջեից հանել են ծրագիրը, որպեսզի 2021թ. այդ «Թումոն» պատրաստ լինի և նոր հայտարարեն մրցույթ»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրենը:

Կարեն Վարդանյանի տեղեկացմամբ՝ 2018-ին Եվրամիությունը 23 մլն եվրո է տրամադրել կառավարությանը՝ դպրոցներում ինժեներական կրթության զարգացման համար, որը նպատակային չի ծախսվել:

«Այդ 23 մլն եվրոյից 12.5 միլիոնը նախարարության համաձայնությամբ տրվել էր «Թումոյին»՝ նոր շենք կառուցելու համար: Գումարը տրամադրելու հիմնավորումները խախտումներով են, այսինքն՝ գործընթացը եղել է ապօրինի: Գումարը, որը գալիս է Հայաստան ինժեներական կրթություն զարգացնելու համար, գնում է շենք սարքելուն: Ըստ էության, տեղի է ունենում գործարք ԿԳՄՍ նախարարության, ԵՄ-ի և «Թումոյի» միջև, հիմա այստեղ կոռուպցիոն ռիսկ կա՞, թե՞ ոչ: Մնացած 10.5 մլն եվրոն էլ տվել են ինժեներական կրթության չափորոշիչները որոշելու համար, որի հետքերը չկան, պատկերացում չունենք, թե այդ գումարը որտե՞ղ է ծախսվում և ովքեր են իրականացնում»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ