Շվեյցարիան թողարկել է աշխարհում ամենափոքր մետաղադրամը


00:21 , 25 հունվար, 2020

Շվեյցարիայում ստեղծվել է աշխարհի ամենափոքր մետաղադրամը: Դրա վրա պատկերված է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբերտ Էյնշտեյնը: Այս մասին հաղորդվել է Շվեյցարիայի դրամապալատի կայքում:

Մետաղադրամը պատրաստված է ոսկուց, դրա տրամագիծը կազմում է 2.96 միլիմետր, իսկ քաշը՝ 0.063 գրամ: Երեսի կողմում պատկերված է Էյնշտեյնի լեզուն հանած հայտնի պատկերը Արթուր Սաասի 1951թ.-ին արված լուսանկարից: Հակառակ կողմում փորագրված է Helvetia մակագրությունը (Շվեյցարիայի խորհրդանիշը) և խաչ:

Մետաղադրամի անվանական արժեքը շվեյցարական ֆրանկի ընդամենը մեկ քառորդն է (128 դրամ): Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ թողարկվել է ընդամենը 999 այդպիսի մետաղադրամ, որոնցից մեկն արդեն վաճառվել է 199 շվեյցարական ֆրանկով (մոտավորապես 185 եվրոյով): Մնացած մետաղադրամները վաճառքի համար հասանելի են Շվեյցարիայի դրամապալատի առցանց-խանութում:

Մետաղադրամները գնորդներին կհանձնվեն հատուկ խոշորացնող ապակիով, քանի որ դրա փոքր չափի պատճառով անզեն աչքով հնարավոր չէ տեսնել պատկերի մանրամասները: