Եկեք ԱԺ-ն ֆեյսբուք չսարքենք, Ֆեյսբուքն իր կյանքով թող ապրի, մենք էլ՝ մեր. Աբովյան


18:47 , 24 հունվար, 2020

Pastinfo.am-ը գրում է.

Ես սպասում էի, որ Ազգային ժողովում արդեն կսկսեն քննարկել ֆեյսբուքյան գրառումներ և կքննարկվի Գևորգ Պետրոսյանի գրառումը։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ելույթին։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը անդրադարձել էր Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումներից մեկին ու ասել. «Չի կարելի գնալ, գրել վիրավորանք, ծաղրանք պարունակող ստատուսներ։ Խոսքը Գևորգ Պետրոսյանի վերջին մտքի գոհարի մասին է, որը հերթական անգամ իր փայլատակումն է արել և վերջում ասել է, որ կան ԱԺ-ն ցրելու տարբեր ձևեր և դրանցից մեկը ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի մանդատների ամբողջական վայր դնելն է։ Դե քուանշ ուրեմն։ Ի դեպ Գևորգ Պետրոսյանը 656 ձայն է հավաքել Գագիկ Ծառուկյանի բարձր հովանու ներքո։ Կա 20 օր ժամանակ, որի ընթացքում հնարավորության պարագայում առաջարկում եմ մանդատները վայր դնել կամ դուրս գալ այդ ոճից»։

«Գևորգ Պետրոսյանը բացեիբաց գրել էր, որ դա իր անձնական կարծիքն է, չգիտեմ պարոն Սիմոնյան, թե ինչու դա չշեշտեցիք։ Հանրաճանաչ բլոտի խաղի կանոններն օգտագործվեցին։ Գիտեք, նույն համառությամբ խորհուրդ կտայի, կրկին պարոն Ծառուկյանի հարցազրույցը վերհիշել, երբ նա հստակ ասել է, որ ոչ թե ԱԺ-ն ցրելու ժամանակն է, այլ աշխատելու, գործ անելու ժամանակն է»,-ասաց Աբովյանն ու ավելացրեց, որ եթե ԱԺ-ում որոշել են ֆեյսբուքյան գրառումներ կարդալ, ապա խորհուրդ կտար «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ստատուսներն էլ կարդալ, որոնք, Աբովյանի կարծիքով, ոչ պակաս հետաքրքիր են։

Խմբակցության քարտուղարը կոչ արեց Ազգային ժողովը ֆեյսբուք չդարձնել, ապա ավելացրեց. «Ֆեյսբուքն իր կյանքով թող ապրի, մենք էլ՝ մեր»։