Ահա թե ինչպիսին էին մեր նախնիները պատկերացնում 2020 թվականը. նրանց հետաքրքիր կանխատեսումները


22:00 , 24 հունվար, 2020

Մարդիկ սիրում են ապագայի մասին մտածել։ Կանխագուշակները միշտ հնչեցնում են ապագայի վերաբերյալ տեղեկություններ, որոնք նրանց հայտնի են դառնում տարատեսակ եղանակներով։ Այնուամենայնիվ, եթե վերհիշենք, թե ինչպիսին էին տեսնում ապագան մեր նախնիները, ապա մենք այսօր պետք է ապրելիս լինեինք ոտքերի վրա մեկ մատով, առանց գումարի և ռոբոտների հետ։ Ահա թե ինչպիսին են պատկերացրել հնում 2020 թվականը։

Կապիկները կաշխատեն մարդկանց համար

ՌԷՆԴ ընկերությունը 25 տարի առաջ հայտարարեց, որ 2020 թ. ձեռքի բոլոր աշխատանքները կկատարեն ոչ թե մարդիկ, այլ կապիկները։ Հատուկ վարժեցված կենդանիները կդառնան տրանսպորտի վարորդներ, հավաքարարներ, բանվորներ և այլն։ Հայտարարությունից հետո ընկերությունը սկսեց ակտիվորեն ուսումնասիրել օրանգուտաններին, սակայն փորձերը հաջողությամբ չպսակվեցին։ Կենդանիները, իհարկե, ինչ-որ բան սովորեցին, սակայն ավտոմեքենա քշել այդպես էլ չկարողացան։

Մարդիկ ոտքերին մատներ չեն ունենա

XX դարի սկզբին վիրաբույժ Ռիչարդ Լուկասը, ով դասախոսություններ էր կարդում Անգլիայի բժշկական դպրոցներից մեկում, հետաքրքիր կանխատեսում կատարեց. մադկանց ոտքի մատները կդադարեն աճելուց, քանի որ այլևս պետք չեն գալիս։ Ոտնաթաթը կունենա միայն մեկ մեծ մատ։ Լուկասը վստահեցնում էր, որ 2020 թ. մարդիկ կդադարեն 5 մատ ունենալ ոտնաթաթերին։

Տելեպորտացիան և տելեպատիան հասարակ բաներ կլինեն

Տեխնոլոգիաների ոլորտում մասնագետ Մայքլ Ջ. Օֆարելն իր աշխատություններից մեկում կանխատեսում է արել, որը, սակայն, չիրականացավ։ Նա հայտնել էր, որ 2020 թ. մարդիկ կսկսեն հաղորդակցվել տելեպատիայի միջոցով, իսկ տելեպորտացիան կկիրառվի գիտական նպատակներով։

Եվս 20 տարի անց տելեպորտացիան կօգտագործվի առօրյա կյանքում։ Մարդիկ տարածքում ու ժամանակի մեջ կտեղափոխվեն դրա օգնությամբ։ Ավտոմեքենաները և այլ միջոցները կդադարեն գոյություն ունենալուց։ Մարդիկ նաև քիչ կխոսեն տելեպատիայի առաջացման շնորհիվ։

Թեյը, սուրճը և ծխախոտը դուրս կգան նորաձևությունից

Նիկոլա Տեսլան 100 տարի առաջ իր հարցազրույցներում հաճախ արծարծում էր թեյի, ծխախոտի և սուրճի վնասակարության թեման։ Նա համոզված էր, որ 2020 թ. մարդիկ կգիտակցեն այդ երևույթների վնասակարությունը։ Դրանք օգտագործելն այլևս նորաձև չի համարվի, քանի որ դրանք բազմաթիվ վնասակար նյութեր են պարունակում։ Ինչ-որ չափով Տեսլան ճիշտ էր, քանի որ այսօր ծխախոտից շատերն են հրաժարվում, սակայն դժվար թե գա մի օր, երբ մարդիկ կդադարեն թեյ կամ սուրճ խմելուց։

Մարդիկ կկարողանան տեսնել ապագան

8 տարի առաջ Դեյվ Էվանսը՝ Cisco Visual Networking-ի աշխատակիցը, կանխատեսեց, որ 2020 թ. մարդիկ կկարողանան կանխատեսել սեփական ապագան։ Նա վստահ էր, որ դա անելը բարդ չի լինի։ Ի հայտ կգան հատուկ մեքենաներ, որոնց շնորհիվ երևույթն իրականություն կդառնա։ Դրանք բեռնված կլինեն հատուկ տվյալներով, որոնք թույլ կտան 90% ճշգրտությամբ կանխատեսել մարդու ճակատագիրը։