Ոչ միայն դիմավորում են հաճախորդներին և պատվեր գրանցում, այլև ուտեստներն են պատրաստում. բացվել է առաջին ռոբոտիզացված ռեստորանը


21:00 , 24 հունվար, 2020

Չինաստանում սկսել է գործել մի ռեստորան, որում հաճախորդներին դիմավորում, սպասարկում և ուտեստներ են պատրաստում միմիայն ռոբոտները։

Հուանչժոուում գտնվեղ Foodom հաստատությունը հիմնվել է չինական Country Garden Holdings Co. Ltd անշարժ գույքի գործակալության կողմից։

Ներս մտնող հաճախորդին ողջունում է ռոբոտը։ Նա հյուրին ուղեկցում է մինչև սեղանը, տրամադրում է մենյուն, խորհուրդ է տալիս այս կամ այն ուտեստը և պատվեր է ընդունում։

Ուտեստների պատրաստմամբ ևս ռոբոտներն են զբաղվում։ Խոհանոցում նրանց թիվը հասնում է 32-ի։ Հատկանշական է, որ նրանք խոհանոցային արվեստը սովորել են լավագույն 10 շեֆ-խոհարարներից։ Դրա համար օգտագործվել է հատուկ համակարգչային ծրագիր, որը թույլ է տալիս ռոբոտներին իրենց մոտ գրանցել և հիշել բոլոր մանրամասները՝ անհրաժեշտ պարագաներ, պատրաստման եղանակ ու ժամանակ, ջերմաստիճան և այլն։

Պատրաստի ուտեստը հաճախոդին մատուցում է մեկ այլ ռոբոտ։

Ռոբոտիզացված ռեստորանի բացման համար ծախսվել է 29 միլիոն դոլար։ Սակայն այս գինը չի վախեցրել հսկային։ Country Garden Holdings Co. Ltd-ում նշել են, որ երկու տարվա ընթացքում պլանավորում են Չինաստանում բացել ևս հազար նման հաստատություն։