Հայաստանում քաղաքական կոռուպցիան չի վերացել, սակայն դրա դեմ պայքարի արդյունավետությունը չի կարելի չափել նախկինների դեմ հարուցված քրգործերի քանակով. Վարուժան Հոկտանյան (Video)


22:43 , 23 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում որակական առաջընթացի մասին խոսելը դեռևս վաղ է, թեև որոշակի քանակական առաջընթաց կա: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

«Մենք դեռևս ունենք կոռուպցիայի հիմնախնդիրը: Դրա դեմ պայքարում որոշակի առաջընթացը պայմանավորված է քաղաքական կամքի արտահայտմամբ: Բայց հնարավոր չէ միանշանակ պնդում անել Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության կամ բացակայության մասին: Հիմքեր չունեմ պնդելու, որ այսօր Հայաստանում կա համակարգային կոռուպցիա, բայց ոչ էլ կարող եմ պնդել, որ այն արդեն վերացել է»,- ասել է Հոկտանյանը:

Ըստ փորձագետի՝ պետք է հասկանալ՝ ձերբակալվող որոշ պաշտոնյաներ, օրինակ՝ փոխնախարարներ, եղել են կոռուպցիոն շղթայի մա՞ս, թե՞ գործել են անհատապես:

Հոկտանյանի կարծիքով՝ երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշումը կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերի հետ, ավելին՝ երկիրը կարող է լինել ավտորիտար ասիական երկիր, բայց կոռուպցիայից ավելի մաքուր, քան, օրինակ, Եվրամիության արևելաեվրոպական երկրները. «Աշխարհաքաղաքական կողմնորոշումը կարող է ընդամենը նախադրյալներ ստեղծել: Բայց դրանց կյանքի կոչումը շատ բանով կախված է այդ երկրի իշխանությունների քաղաքական կամքից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ