«Ես սովորեցի մենակ երջանիկ լինել». Անի Երանյանի անկեղծ հարցազրույցն ու նոր ֆոտոշարքը (Photo)


20:15 , 23 հունվար, 2020

Tert.am Life-ը գրում է.

Աղջիկ, որը ժամանակին շատ բաց էր բոլորի առաջ, հետո որոշեց մի քիչ մեկուսանալ: Ասում է՝ մեծացել է: 2017-ին Մոսկվա տեղափոխված դերասանուհի Անի Երանյանն այս շրջանում Հայաստանում է, 1 տարի կմնա այստեղ: Անիի՝ Հայաստան այցի նպատակը միայն «Շիրազի Վարդը» հեռուստասերիալում նկարահանվելը չէ, սակայն երկրորդ առիթի մասին առայժմ չի խոսում:

Tert.am Life-ը հանդիպել է Անիին և շատ անկեղծ հարցազրույց ունեցել կյանքի այս փուլի, մենակության մեջ երջանկություն գտնելու, 30 տարեկանին մոտենալու վախերի, Մոսկվայում սկսած բիզնեսի, հայրիկի աջակցության, ֆինանսական կայունության և ոչ միայն այս ամենի մասին: Անին նաև նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է Tert.am Life-ին:

-Անի, մեր առաջին հարցազրույցները դեռ 2011-2012 թվականներին էին, երբ նոր էիր սկսել կարիերադ: Այս ընթացքում հանրային դաշտում տարբեր դրսևրումներով Անիի եմ տեսել՝ շատ բաց ու շփվող, շատ փակ ու հանրային դաշտից մեկուսացած, մեծ խնջույքներ նախաձեռնող ու հանրային մեծ միջոցառումներից հեռու մնացող: Իմ տպավորությամբ՝ հիմա այդ ծայրահեղությունների բալանսի մեջ ես. խոսում ես, բայց քիչ, Ինստագրամում հետևորդներից հարցերին պատասխանելիս նկատել եմ, որ երբեմն կարող ես շատ կտրուկ լինել: Այս փոփոխությունները, բնականաբար, քո հոգեվիճակի արտաքին դրսևորումներն էին: Հոգեբանորեն ի՞նչ ճանապարհ անցար այս փոփոխությունների ընթացքում:

-Կարծում եմ, եթե մարդը նույնն է լինում 10 տարվա տարբերությամբ, ուրեմն՝ նույն տեղում է: Տարիների ընթացքում հասկանում ես, որ լռությունը ոչ միշտ է ճիշտ հասկացվում: Կան մարդիկ, որոնց հետ պետք է խոսես իրենց լեզվով: Ես հասել եմ այն կետին, որ կարող եմ ինձ թույլ տալ մարդկանց պատասխանել այնպես, ինչպես իրենք իրենց թույլ են տալիս հարց տալ ինձ:

Մեծ խնջույքներն էլ տարիքով էին պայմանավորված: Այն ժամանակ սիրում էի այդ ակտիվությունը, հիմա մենակության ու հանգստության կարիք եմ ունենում: Այդ փոփոխությունները տարիների, խնդիրների, կոտրվել-չկոտրվելու հետևանք էին, ընթացքում քիչ-քիչ ինչ-որ բաներ հավաքեցին ու դարձան մի գունդ, որը հիմա գլորվում է ու ջարդում ամեն ինչ: Չկա կոնկրետ էտապ, որից հետո այդպես եղավ: Դա տարիների արդյունք էր: Երևի, մեծացել եմ:

-Հաճախ մենք կտրուկ ենք դառնում՝ ելնելով մեր ինքնապաշտպանությունից:

-Կարծում եմ՝ ես ժամանակին ավելի շատ էի ինքնապաշտպանվում, քան հիմա:

րովհետև հիմա ավելի փորձառու ես, շուտ ես ընկալում մարդու տեսակն ու դժվա՞ր է քեզ խոցել:

-Հա, ու մի քիչ էլ թքած ունեմ: Ժամանակին այդպես չէր: Իմ կյանքն այնպես է ստացվել, որ 18 տարեկանից նկարահանվում եմ: Շուտով կլինի 11 տարի, ինչ ես 80 տոկոսով ապրում եմ այնպես, ինչպես հարիր է հայտնի մարդուն, ինչպես «պետք» է:

Ես հասկացա, որ հեսա մոտենում եմ 30-ին, բայց իմ կյանքով չեմ ապրում, ինչը լուրջ անդրադառնում է ինձ վրա, ես նեղացնում եմ իմ հոգուն: Որոշեցի ապրել իմ կյանքն այնպես, ինչպես ուզում եմ: Ես դրանով չեմ անում այնպիսի բան, որ այլ մարդկանց վատ լինի, չեմ վիրավորում:

-Կայանալուն զուգահեռ բոլորս էլ ավելի ինքնավստահ ենք դառնում, բայց հատկապես հայտնիների դեպքում հաճախ դա վերագրում են ոչ թե հոգեբանորեն անցած ճանապարհին, այլ «աստղայինը տանելուն»: Չե՞ն ասում՝ մեծամտացել ես:

-Մարդիկ, որոնք ուզում են այդպես ասել, միշտ առիթ կգտնեն այդպես ասելու: 8-րդ դասարանից ինձ միշտ ասում են, որ գոռոզ եմ, մռութներս կախ, իսկ ես ընդամենը իմ չափի մեջ եմ, ամեն մեկին չեմ ժպտում, ձևականություն չեմ անում, սեր չեմ շռայլում: Ինձ ճանաչողները գիտեն, որ իմ մարդկային որակները չեն փոխվել:

Գիտես, Մոսկվան ինձ շատ լավ բան սովորեցրեց՝ սառը լինել: Շատերն ասում են՝ ոնց կարելի է ապրել Մոսկվայի սառը մարդկանց մեջ, բայց իրենք մի շատ լավ գիծ ունեն՝ անկեղծ են, քեզ ոչինչ չեն պարտադրում, իրենք էլ քո առաջ ոչինչ պարտավոր չեն: Ես դա շատ եմ սիրում: Գուցե, Մոսկվայի շնորհիվ ես էլ եմ ավելի սառը դարձել, բայց ես ուզում եմ մի քիչ ավելի շատ իմ հոգին սիրել, քան թույլ տալ, որ ուրիշներն իրենց լավ զգան:

-Իսկ կա՞ն տեղեր, որտեղ այդ սառնությունն ինքդ քեզ է խանգարում:

-Չգիտեմ… չեմ նկատել: Ուղղակի շատերի համար անսովոր է: Ինձ լավ չճանաչողները գուցե կարծում են մեծամտացել եմ, բայց ես կարող եմ հակառակն ասել՝ հիմա ավելի հաճախ եմ ժպտում, ավելի ջերմ եմ մարդկանց հետ:

-Ավելի ինքաբա՞վ ես:

-Հա, հոգեվիճակս ավելի հանգիստ է, ներսիս գույները շատացել են: Ես գտել եմ ինձ ու կարողանում եմ մենակ երջանիկ լինել: Առաջ այդպես չէր, ես չէի կարողանում մենակ երջանիկ լինել: Եթե մենակ էի մնում, պետք է ընկերներիցս մեկի հետ շփվեի, հետաքրքրություն գտնեի, իսկ հիմա եկել եմ այն կետին, որ կարողանում եմ ինքս ինձ հետ ժամանակ անցկացնել ու դրանով երջանիկ լինել:

-Մոսկվայում մենակ ես ապրում: Մի կողմից լիարժեք խաղաղություն ու հանգստություն ես գտել ինքդ քեզ հետ, մյուս կողմից, երբեմն, մենակության զգացողություն, պոռթկումներ չե՞ն լինում:

-Երբեմն լինում են, երբեմն տեղի են տալիս արցունքներին, կարոտին, բայց ընդամենը մի քանի րոպե են տևում: Ես հիմա տեղի եմ տալիս իմ էմոցիաներին, ու դա շատ լավ է, որովհետև ժամանակին ես այդ մասին չէի խոսում, անգամ, երբ մենակ էի լինում, զսպում էի հուզմունքս, որովհետև մտածում էի՝ ես ուժեղ եմ, չպետք է լացեմ: Հիմա հանգիստ թույլ եմ թողնում էմոցիաներս. եթե էս պահին հոգիս ուզում է լացել, պիտի լացի, եթե ուզում է զանգել, ասել՝ մամ, ես քեզ կարոտել եմ, զանգելու է և ասի:

Մենակ ապրելը նաև լավ կողմ ունի. ես սկսեցի ժամանակ տրամադրել ու ավելի լավ ճանաչել ինձ, կյանքի մասին խորհել… Այս 5 տարվա ընթացքում ամենակարևոր բանն այն էր, որ գտա ինձ ու ինձ հետ մենակ լինելու լիարժեքությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ