Ինչպես է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը բանակցում կրակոցներ արձակած անձի հետ (Video)


18:49 , 23 հունվար, 2020
Այսօր ՙԷրեբունի պլազա՚-ում կրակոցներ արձակած անձի հետ բանակցություններ է վարել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Բանակցություններն ավարտվել են հաջողությամբ. կրակողը հանձնել է զենքը, հանձնվել իրավապահներին և տեղափոխվել ոստիկանություն:
Սոցցանցերում տարածվել է նրան մեքենա նստեցնելու պահի տեսանյութը, որը որոշ օգտատերերի կողմից արժանացել է քննադատական գնահատականների, մասնավորապես հարցադրումով, թե ինչու վնասազերծված անձը ձեռնաշղթաներով չէր:
Նկատենք, որ սոցցանցերում տարածվել է նաև Արման Սարգսյանի վարած բանակցությունների ձայնագրությունը․ զենքը հանձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվում նաեւ ձեռնաշղթաներ չհագցնելու պայմանով:
Այսինքն ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել եւ վնասազերծման կարևոր բաղադրիչ:
Չիմացածի, չպատկերացրածի վերաբերյալ դատողություններ անողներին խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ սիրողական մեկնաբանություններից: