Իրաքին դուր է գալիս, թե ինչ են անում այնտեղ ԱՄՆ զորքերը․ Թրամփ


02:45 , 23 հունվար, 2020

Operativ.am-ը գրում է.

Իրաքին դուր է գալիս, թե ինչ են անում այնտեղ ԱՄՆ զորքերը։ Իրաքի նախագահ Բահրամ Սալեհիի հետ բանակցություններում հայտարարել է Դոնալդ Թրամփը, հայտնում է Reuters-ը։

Իրաքի նախագահի վարչակազմի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, երկու երկրների առաջնորդները Դավոսի տնտեսական համաժողովում քննարկել են Իրաքում արտասահմանյան զորքերի թվի կրճատման հարցը։

Հանդիպումից առաջ, պատասխանելով Իրաքից ամերիկյան զորքերը հանելու հեռանկարի մասին լրագրողների հարցերին, Թրամփն ասել է․ «Մենք խոսում ենք շատ տարբեր բաների մասին։ Սակայն նրանց դուր է գալիս, թե ինչ ենք մենք անում, եւ մեզ են նրանք դուր գալիս, եւ մենք շատ լավ հարաբերություններ ունենք»։

Միացյալ Նահանգներն Իրաքում ունի մոտ 5000 զինծառայող, որոնց Բաղդադը 2014թ․ հրավիրել է երկիր «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարում օգնելու համար։

Սակայն առաքելության ճակատագիրը հարցականի տակ դրվեց հունվարի 3-ին, երբ Թրամփը հրամայեց հարված հասցնել Բաղդադի օդանավակայանի մոտ, որի հետեւանքով սպանվեց իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին։

Իրաքի խորհրդարանն, ի պատասխան, ամերիկյան զորքերը երկրից հանելու պահանջով բանաձեւ ընդունեց, ինչը Թրամփի ցասումն առաջացրեց։ Նա սպառնաց պատժամիջոցներ կիրառել Իրաքի դեմ, եթե նա թույլ չտա ԱՄՆ զորքերին մնալ երկրում։

Չորեքշաբթի օրը Թրամփը նշել է, որ այժմ ամերիկյան զորքերը Իրաքում ավելի քիչ են, քան 2003-2011թթ․։

Պատասխանելով Իրաքի հանդեպ պատժամիջոցների կիրառման իր սպառնալիքների մասին հարցին՝ Թրամփն ասել է․ «Տեսնենք, թե ինչ տեղի կունենա, քանի որ մենք պետք է գործենք մեր պայմաններով»։

Իրաքի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է․ «Հանդիպման ժամանակ քննարկվել են արտասահմանյան զորքերը կրճատելու եւ երկրի ինքնիշխանությունը պահպանելու իրաքյան ժողովրդի պահանջները կատարելու կարեւորության հարցերը»։