Գիտնականները գերարագ խցիկ են ստեղծել՝ անտեսանելի օբյեկտները նկարահանելու համար


06:43 , 23 հունվար, 2020

ԱՄՆ-ի գիտնականները կատարելագործել են աշխարհում ամենաարագ խցիկը, որպեսզի նկարահանեն թափանցիկ օբյեկտներն ու հարվածային ալիքների կամ լազերային իմպուլսների տիպի անտեսանելի գործընթացները: Նկարագրությունը ներկայացված է Science Advances հանդեսում։

Ավելի քան մեկ տարի առաջ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Լիհուն Վանը մշակել է աշխարհում ամենաարագ խցիկը, սարք, որը կարող է 10 տրիլիոն նկարահանումներ անել մեկ վայրկյանում: Այն այնքան արագագործ է, որ կարող է նույնիսկ լույսի շարժումը ցույց տալ դանդաղեցված նկարահանմամբ: Բայց այդ սարքը պիտանի չէր թափանցիկ օբյեկտները կամ այն գործընթացները նկարահանելու համար, որոնք տեղի են ունենում թափանցիկ միջավայրում:

Իսկ այժմ Լիհուն Վանը եւ նրա գործընկերները ներկայացրել են նոր մշակում, որը զուգակցում է գերարագագործ խցիկը, որը կարող է մեկ տրիլիոն նկարահանում կատարել մեկ վայրկյանում, եւ ֆազահակադրական մանրադիտակը: Սարքը թույլ է տալիս ստանալ թափանցիկ օբյեկտների գերարագ պատկերներ եւ նույնիսկ այնպիսի անտեսանելի երեւույթների, ինչպիսիք են հարվածային ալիքները կամ լազերային իմպուլսները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: