Իմ տեղեկությունով՝ պաշտոնեական կեղծիքի գործով քաղաքապետարանում պաշտոնանկություն է լինելու.Դավիթ Խաժակյան (Video)


20:15 , 22 հունվար, 2020

Factor.am-ը գրում է.

Իշխանությունը վտանգ է տեսել: Factor.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով նրան, որ խորհրդարանն այսօր մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Երևան համայնքի նվիրատվությունների և շինթույլտվությունների հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող իրավունքի ուժով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների սահմանման հարցը:

«Այդ ընթացքում հարցեր էին հնչելու, գալու էր քաղաքապետը, գալու էին ներկայացուցիչներ: Ի վերջո, այդ կոռուպցիոն դեպքը պետք է բացահայտվեր, և այդ հարցերի պատասխանը եթե լինեին այնպիսին, որ դեպքը դառնար ճչացող, դա կլիներ խնդիր իշխանության համար: Ենթադրում եմ՝ թաքցնելու բան են ունեցել, որ նման կերպ են վարվել»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Դավիթ Խաժակյանը նշեց, որ համայնքին նվիրած ԿԱՄԱԶ-ների հետ կապված իր ձեռքի տակ կան ուշագրավ փաստաթղթեր, որոնք պատրաստվում էր հրապարակել քննիչ հանձնաժողովի աշխատանքների ժամանակ:

«ԿԱՄԱԶ-ների նվիրատուներն անձամբ գնում չեն արել, փող են փոխանցել, կան փաստաթղթեր»,- ասաց նա:

ՀՔԾ-ն մերժել է Դավիթ Խաժակյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ենթադրյալ պաշտոնեական կեղծիքի գործով: Ավագանու ընդդիմադիր անդամը ենթադրում է, որ ՀՔԾ-ն այդ գործը մերժել է, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղորդել է: «Քննիչն այդպես չէր վարվի, եթե իր վերադասը՝ ՀՔԾ պետը, չտար նման հրահանգ, իսկ ՀՔԾ պետին այլ մարդ ուղղորդել չէր կարող, քան վարչապետը: Ես պարզապես ենթադրություն եմ անում, այն, ինչ ՀՔԾ-ն անում է տվյալ դեպքով, տեսնում ենք, որ աչք է փակում խնդիրների վրա»,- ասաց Խաժակյանը:

Ավագանու անդամն ասաց՝ տեղեկություններ կան, որ ենթադրյալ պաշտոնեական կեղծիքի մասով Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկություն է լինելու. «Խոսակցություններ են գնում, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Վահե Խաչատրյանին պետք է աշխատանքից ազատեն: Այն, ինչ իրենք են արել՝ որպես քաղաքական պատասխանատուներ, բարդում են աշխատողների վրա, որոնք քաղաքական որոշման կրողը չեն: Նրան ազատելու են պաշտոնեական կեղծիքի գործով»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: