«Թուրքիան երբեք այդպիսի խայտառակ նամակ չէր ստացել ԱՄՆ-ի նախագահից». Դավութօղլու


21:17 , 22 հունվար, 2020

Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքիայի նախկին վարչապետ ու արտգործնախարար, նորաստեղծ «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղարկած հայտնի նամակին:  

Խոսելով նամակի բովանդակությունից, որում Թրամփը Էրդողանին հորդորել էր «հիմար չլինել»՝ Դավութօղլուն հայտարարել է, որ եթե իր վարչապետության ժամանակ արտգործնախարարը փոխանցեր իրեն այդ նամակը, ապա ինքը պաշտոնանկ կաներ տվյալ նախարարին:

«Իմ արտգործնախարարության շրջանում ես պաշտոնանկ կանեի մեր  դեսպանին, ինձ այդպիսի նամակ բերելու համար: Պաշտոնանկ կանեի նաև արտգործնախարարին (վարչապետության ժամանակ), եթե նա այդպիսի նամակ ինձ հանձներ»,- ասել է Դավութօղլուն:

Դավութօղլուն հիշեցրել է, որ իր արտգործնախարար եղած ժամանակ նույնպես ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լարվածություն եղել է, բայց «Թուրքիան այնպիսի խայտառակ նամակ երբևէ չէր ստացել, ինչպիսին Թրամփի ուղարկած նամակն էր»:     

Հոկտեմբերի 17-ին հրապարակված սկանդալային նամակը հետևյալ բովանդակությունն ուներ՝

 «Հարգելի նախագահ
Եկեք լավ պայմանավորվածություն ձեռք բերենք: Դուք չեք ցանկանա դառնալ հազարավոր մարդկանց սպանության պատասխանատուն, ես էլ չեմ ցանկանում ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, որը ես կարող եմ անել: Թե ինչ կարող եմ անել այդ ուղղությամբ ցույց եմ տվել հոգևորական Բրանսոնի հետ կապված դեպքերի ժամանակ, ինչը փոքրիկ օրինակ էր:
Ես Ձեր որոշ խնդիրները լուծելու համար շատ ջանք եմ գործադրել: Աշխարհին մի հիասթափեցրեք: Դուք կարող եք լավ համաձայնություն ձեռք բերել: Գեներալ Մազլումը ցանկանում է Ձեզ հետ բանակցել. պատրաստ է լուրջ զիջումներ անել, որոնք նախկինում երբեք չէր անի: Ձեզ եմ ուղարկում նրա՝ ինձ գրած նամակի պատճենը, որը ես նոր եմ ստացել: Եթե Դուք սա իրականացնեք ճիշտ և մարդկային ձևով, պատմությունը Ձեզ դրական լույսի ներքո կհիշի: Եթե լավ բաներ տեղի չունենան, պատմությունը ձեզ հավերժ որպես սատանա կհիշի: Մի՛ համառեք: Հիմար մի՛ եղեք:
Ավելի ուշ Ձեզ կզանգեմ
Հարգանքներով՝ Դոնալդ Թրամփ»