Սիրահար զույգերը կմրցեն աշխարհի ամենառոմանտիկ վայրում գիշերելու համար


00:00 , 23 հունվար, 2020

Բնակարանի վարձույթի Airbnb հարթակը սիրահար զույգերին առաջարկել է Սուրբ Վալենտինին նախորդող գիշերն անցկացնել Ջուլիետի տանը։ Այս հնարավորության համար նրանք պետք է հատուկ մրցույթ անցնեն։ Այս մասին հաղորդում է բրիտանական The Mirror պարբերականը։

Մրցույթին մասնակցելու համար նրանք պետք է Airbnb կայքին հայտ ներկայացնեն և Ջուլիետին նամակ գրեն՝ կիսվելով իրենց սիրո պատմությամբ։ Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 3-ը։

Հաղթողները կկարողանան գիշերել Շեքսպիրի ողբերգության հայտնի տանը և այնտեղ տոնել Սիրահարների օրը։

Այդ օրը նրանց հատուկ սպասավոր կտրամադրվի, Միշլենի աստղերով շեֆ խոհարար, իսկ կքնեն նրանք այն մահճակալի վրա, որն օգտագործվել է 1960-ականներին Ֆրանկո Ձեֆիրելիի «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։