Բնության հանելուկը. հարյուրավոր թռչուններ սատկած են հայտնաբերվել ճանապարհին. ո՞րն է պատճառը


20:30 , 22 հունվար, 2020

Հարյուրավոր սարյակներ են սատկած հայտնաբերվել Հյուսիսային Ուելսի ճանապարհին։ Պատճառը, ամենայն հավանականությամբ, եղել է գիշատիչ թռչունից փախչելը, հայտնում է տեղի ոստկանությունը։

Հյուսիսային Ուելսի ոստիկանությունում կարծում են, որ թռչունները մուրմուրացիայի մասնակից են եղել։ Մուրմուրացիան երևույթ է, որի ժամանակ սարյակները մի խումբ են կազմում և թռչում են օդում՝ տարբեր «պատկերներ» ստեղծելով։

Մուրմուրացիայի գլխավոր «առաքելություններից» մեկը, կարծում են գիտնականները, գիշատիչից պաշտպանվելն է։ Ոստիկաններն ասում են, որ, ամենայն հավանականությամբ, հետևյալն է տեղի ունեցել. մուրմուրացիայի ժամանակ երամը ներքև է ուղևորվել, ապա կտրուկ փոխել ուղղությունը, սակայն թռչունների մի մասը չի հաջողել արագորեն վեր բարձրանալ և հարվածել է գետնին։

Ոստիկանությունն ընդգծում է, որ նրանք այս վարկածը միանշանակորեն չեն պնդի, քանի դեռ թունաբանական փորձաքննության վերջնական պատասխանները չեն ստացվել։ Սակայն թռչունների նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ թռչունները սատկել են հարվածից։

«Մենք խոսել ենք շատ մարդկանց հետ, ուսումնասիրել ենք սատկած թռչունների տրավմաները և նախապես հետազոտել ենք աշխարհում տեղի ունեցած նմանատիպ այլ դեպքեր, և, թվում է, մեր կողմից առաջ քաշված վարկածը առավել մեծ հավանականություն ունի իրականությանը համապատասխանելու»,- ասել է սերժանտ Ռոբ Թեյլորը։

Ավելի վաղ Թեյլորն ասել է, որ թռչունների մահը հանելուկային երևույթ է։ Ոստիկանությունն անգամ դիմել է տեղի բնակչությանը՝ երևույթի պատճառը հասկանալու համար օգնություն խնդրելով։

Սատկած սարյակների թիվը հասնում է երեք հարյուրի։ Ըստ բնակիչների խոսքերի՝ սարյակները կարծես երկնքից սատկած վայր են ընկել։

Դավիդ Էդվարդսը՝ կղզու 41-ամյա մի բնակիչ, պատմել է, որ նույն օրը իր ընկերուհին՝ Հաննա Սթիվենսը, թռչուններին կենդանի է տեսել։ «Նա ասաց, որ երկնքում թռչող հարյուրավոր թռչունների է տեսել, ինչը շատ գեղեցիկ է եղել։ Սակայն երբ մեկ ժամ անց տուն է վերադարձել, թռչունները ճանապարհին սատկած ու ընկած են եղել»։

Սթիվենսը պատմել է, որ թռչունները միգուցե 300-ից ավելի են եղել։ «Ես հաշվեցի մինչև 150-ը, ապա թողեցի այդ գործը, քանի որ դեռ հարյուրավորներն էլ կային»։